Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ծիծաղելի է, որ մի ամբողջ երկիր, կառավարություն, Ազգային ժողով՝ թողած կարևոր գործերն, անդրադարձավ Նժդեհի արձանի «քանդմանը»». Գագիկ Գինոսյան

«Ծիծաղելի է, որ մի ամբողջ երկիր, կառավարություն, Ազգային ժողով՝ թողած կարևոր գործերն, անդրադարձավ Նժդեհի արձանի «քանդմանը»». Գագիկ Գինոսյան
573
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 19:05

Վերջին շրջանում Նժդեհի արձանի հետ կապված աղմուկն ինչպես արագ բռնկվեց, նույնքան արագ էլ մարեց, երբ իշխանությունը հայտարարեց, որ այստեղ ադրբեջանական հետք է տեսնում: Արդյոք ինչո՞վ է բացատրում Հայաստանում ժամանակ առ ժամանակ նման բռնկումները «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և կիսո՞ւմ է այն կարծիքները, թե նման լուրերով իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունն ավելի կարևոր խնդիրներից, ինչպիսին, օրինակ, թանկացումներն են:

«Նախ էսպիսի թեմաները, թե ռուսական կառավարությունը կամ Ազգային ժողովը նման ստորագրահավաք է իրականացրել, ծիծաղելի են: Առավել ևս ծիծաղել են մարդիկ, որ մտածում են՝ իրենց դաշնակից պետությունն ինչ-որ ստորագրահավաքով կարող է իր ազգի հերոսի արձանը հանել: Ես չգիտեմ՝ ովքեր էին սրա հեղինակները, ով ինչի համար է անում, բայց ինձ համար ծիծաղելի է և անհեթեթ: Պարզապես, այդ մարդկանց չպետք է լուրջ ընդունել: Վայ նրան, ով որ իր հերոսի արձանի հարցը լուծում է օտարների կարծիքներով: Պետք չէ ուշադրություն դարձնել ինչ-որ մանր-մունր պատգամավորների վրա (խոսքը ռուս պատգամնավորների մասին է), որոնք կարող են ադրբեջանցիների կողմից գնված կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից վճարված լինել: Շատ հավանական է, որ դա թուրքական և ադրբեջանական ձեռագրից հեռու չէ»,- կարծիք հայտնեց Գ. Գինոսյանը:

Մեր զրուցակիցը հատկապես վիրավորական է համարում այն, որ մենք այդքան լուրջ ենք վերաբերվում ռուսների կարծիքին և եթե մենք ընդունում ենք, որ այդ մարդը մեր հերոսն է, ապա որևէ կերպ չպիտի անդրադառնալ ինչ-որ մեկի կարծիքին կամ արտահայտությանը: «Հիմա, ոնց որ թե մեկն ինձ համոզի, որ ես հորս չհարգեմ, կարո՞ղ է նման բան լինել: Այդ առումով ծիծաղելի է, որ մի ամբողջ երկիր, կառավարություն, Ազգային ժողով, ինչ-որ քաղաքական գործիչներ՝ թողած կարևոր գործերն անդրադարձան դրան»,- նշեց արվեստի գործիչը՝ հավելելով, որ նման դեպքերում ամենազորեղ զենքն արհամարհանքն է:

Այնուհետև, նա վերհիշեց ապրիլյան քառօրյայի ահասարսուռ դեպքերը, երբ ադրբեջանցիները խոշտանգում էին մարդկանց, իսկ ո՞ւր էր այդ ժամանակ Ռուսաստանը, ինչո՞ւ ստորագրահավաք չիրականացրեց. «Երբ որ 93 տարեկան տատիկի ականջն էին կտրում Թալիշում, երբ որ Քյարամ Սլոյանի գլխով ֆուտբոլ էին խաղում Ադրբեջանում, դրան ռուսն ինչ-որ ձևով անդրադարձա՞վ»,- հարց ուղղեց Գինոսյանն՝ ընդգծելով, որ իր համար գոյություն չունի որևէ մարդ կամ պետություն, որը կարող է իր հերոսի նկատմամբ վերաբերմունքը փոխել կամ խարխլել:

Ինչ վերաբերում է թանկացումներին՝ արվեստագետը գտնում է, որ դա ցավալի իրողությունը է, ինչն է՛լ ավելի է խթանելու արտագաղթը: