Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին. հիմա տեսնենք, թե ինչու». Կարպիս Փաշոյան

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին. հիմա տեսնենք, թե ինչու». Կարպիս Փաշոյան
747
Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 13:05

Հայաստանի լրատվամիջոցները ծաղրում են Ալիևին, իբրև թե՝ վերջինս հիմարություններ է դուրս տվել: Ֆեյսբուքյան վերլուծաբանները հոխորտում են, քաղաքագետ կոչվածները՝ կանխատեսում Ադրբեջանական պետության մոտալուտ վախճանը և այսպես շարունակ: Համընդհանուր խրախճանք է, արյան և մարդկային դիակների խրախճանք:

Ալիևն ընդամենը ասել է, որ հասնելու է Երևան, վաղ թե ուշ, հասնելու է: Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին: Հիմա տեսնենք, թե ինչու:

2006 թ. հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպիսի մի հայտարարություն էր արել. «Մեր համբերությունը անսահման չէ, այսօր Ադրբեջանը արագ զարգացող երկիր է: Հայաստանը չի կարող մեզ հետ մրցակցել ոչ տնտեսական և քաղաքական և ոչ էլ ռազմական տեսանկյունից: Թող Հայաստանում մտածեն, թե մեկ, երեք, հինգ տարի հետո որտեղ է լինելու Հայաստանը և որտեղ՝ Ադրբեջանը: Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի, բնակչության ավելի քան կեսը լքել է երկիրը: Մեր տեղեկություններով նույնիսկ շփման գծի պահպանության համար դժվարություններ են առաջանում, քանի որ պակասում է մարդկային ռեսուրսը»:

Իհարկե Ալիևի այս խոսքերի մեջ որևէ արտասովոր կամ էլ բացառիկ ձևակերպում չկա: Նա միշտ հանդես է գալիս նույն հռետորաբանությամբ՝ երբեմն մեղմ կամ էլ առավել կոշտ շեշտադրումներով: Այստեղ կարևորը տարեթիվն է: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ հավասարակշռությունը դեռևս խախտված չէր հօգուտ Ադրբեջանի: Այս տեսանկյունից չենք կարող չարձանագրել, որ ժամանակին Ալիևի կողմից արված պոպուլիստական հայտարարությունը իրականում մարգարեական է եղել: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նշել, որ 2000-ական թթ. կեսերից Ադրբեջանը թևակոխել է զարգացման որակական բոլորովին այլ փուլ, իսկ Հայաստանը 2008-ից այս կողմ աստիճանական հետընթաց է արձանագրել: Արդյունքում խախտվել է հավասարակշռությունը, և իսկապես Ալիևի հայտարարությունից տասը տարի անց Հայաստանն ի զորու չէ մրցակցել Ադրբեջանի հետ: Եթե 2006 թ. Հայաստանը մարտական հերթապահության կազմակերպման համար մարդկային ռեսուրսների խնդիր չուներ, ապա ներկայումս հաստատապես ունի: Վերոհիշյալ խնդրի մասին իհարկե չեն խոսում, ամեն ինչ կարգին ու զիլ է, ազգ-բանակ և այսպես շարունակ: Բայց ակնբախ է, որ աշակերտների թվի նվազման դեպքում չէր կարող նաև չնվազել պարտադիր զինվորական ծառայության մեկնողների թիվը:

Տեսեք, թե աշակերտների թիվը որքան է նվազել:

2008-18 թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել է ավելի քան 350 հազար մարդ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար լքել են երկրի սահմանները: Բնակչության արտահոսքը ցցուն կերպով հատկապես դրսևորվում է դպրոցներում: Տասը տարվա կտրվածքով աշակերտների թիվը պակասել է ավելի քան 60 հազարով, այն է՝ 2007/08 ուս. տարում Հայաստանի դպրոցներում սովորել է 431.280 աշակերտ, իսկ 2016/17 ուս. տարում՝ 364. 868 աշակերտ:

Շարունակեք Ալիևին ծաղրել՝ չնկատելով մարդկանց տարերային փախուստը Հայաստանից: