Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախում մարտական գործողությունների ևս մեկ փուլ, և Մոսկվան պարտավոր կլինի ստիպել հայերին և ադրբեջանցիներին կարգավորել հակամարտությունը». Թոմաս դե Վաալ

«Արցախում մարտական գործողությունների ևս մեկ փուլ, և Մոսկվան պարտավոր կլինի ստիպել հայերին և ադրբեջանցիներին կարգավորել հակամարտությունը». Թոմաս դե Վաալ
2788
Ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ., 11:40

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն արդեն դուրս է գալիս չորրորդ տասնամյակ, սակայն կարելի է այդ հակամարտության կարգավորման հույս ունենալ, միայն եթե հիմնական մասնակիցները վերանայեն իրենց ռազմական առաջնահերթությունները: Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ «եթե ռազմական գործողությունների ևս մեկ փուլ սկսվի, ապա Մոսկվան պարտավոր կլինի ստիպել հայերին և ադրբեջանցիներին կարգավորել հակամարտությունը»:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային առճակատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ 2 լավ զինված բանակներ մարտնչում են միմյանց դեմ խրամատներում, այն է՝ հակամարտության շփման գծում: Մեկ երկրի ներսում ոչ մեծ տարածաշրջանի կարգավիճակի մասին 30 տարի առաջ սկսված վիճաբանությունը վերածվեց երկու անկախ պետությունների միջև հակազդեցության, որոնք առճակատում են նաև սոցցանցերում, համաշխարհային մայրաքաղաքներում, քննարկումներ են տեղի ունենում Անկարայում, Բրյուսելում, Թեհրանում և Վաշինգթոնում»,- ասվում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի կայքում տեղակայված փորձագետի հոդվածում:

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանի դերը չի փոխվել: «Մինչ օրս շատ հայեր և ադրբեջանցիներ համոզված են, որ Մոսկվան գաղտնի գլխավորում է ԼՂ հակամարտությունը: Սա ներելի մոլորություն է երկու փոքր երկրների համար, որոնց գլխավերևում դեռևս կախված է նախկին կայսրության ստվերը»,- ասվում է հոդվածում:

Վաալի խոսքով՝ ԼՂ հակամարտության առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան կամ Մոսկվայում առանձին ազդեցիկ ուժեր շահարկել են հակամարտությունը, սակայն ամեն անգամ՝ թույլ դիրքերից: Փորձագետը նշում է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո հակամարտության հարցով Ռուսաստանի դիրքորոշումն առավել պահպանողական է դարձել:

«Պուտինը մշտապես հայտարարել է, որ Մոսկվան հավասարապես գնահատում է Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերություններն ու չի պատրաստվում իր վրա վերցնել ԼՂ հակամարտության համար պատասխանատվությունը: Արդյունքում ռուսական դիրքորոշումը կլինի հետևյալը՝ «Մենք ցանկանում ենք, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի, եթե դրանով պահպանվի կամ ամրապնդվի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, սակայն մենք չենք պարտադրի մեր որոշումը, քանի որ դա կվնասի Բաքվի և Երևանի հետ մեր հարաբերությունները»»,- ընդգծում է Վաալը:

Բրիտանացի փորձագետը կարծիք է հայտնում նաև, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո «կողմերը ողջ մեղքը գցեցին Ռուսաստանի վրա»: Նա նաև նշում է, որ մինչ Հայաստանի, Ադրբեջանի և հենց Լեռնային Ղարաբաղի ղեկավարները չդրսևորեն համատեղ աշխատանքի հարցում իրենց պատրաստակամությունը, դիվանագետների մեծ մասն այդ գործընթացից հեռու կմնա:

«Մարտական գործողությունների ևս մեկ փուլ, և Մոսկվան իր արևմտյան գործընկերների հետ պարտավոր կլինի ստիպել հայերին և ադրբեջանցիներին կարգավորել հակամարտությունը: Սակայն եթե այս տխուր պատմությունը չմոտենա լավատեսական հանգուցալուծմանն, ապա նոր մարդկային զոհեր կլինեն»,- եզրահանգում է փորձագետը: