Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Վիկ Դարչինյանը՝ ռինգ վերադառնալու և հայ բռնցքամարտիկներին աջակցելու մասին

Վիկ Դարչինյանը՝ ռինգ վերադառնալու և հայ բռնցքամարտիկներին աջակցելու մասին
217
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 11:30

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է։ Նրան հայրենիք է բերել ինչպե՛ս կարոտն, այնպե՛ս էլ աշխատանքային նոր ծրագրերը և հնարավոր առաջիկա մենամարտը։

«Թեև որոշել էի ավարտել մարզական կարիերաս, մարտին մենամարտ են առաջարկել Ռուսաստանում՝ աշխարհի չեմպիոնի հետ։ Երկու-երեք ամսվա ընթացքում կորոշվի՝ կմենամարտեմ աշխարհի գոտու համար, թե ոչ։ Արդեն սկսել եմ պարապմունքներս։ Պրոմոութերներս տեսել են թայլանդցի բռնցքամարտիկի հետ մենամարտս, տեսան ինչպես 1 ռաունդում նոկաուտի ենթարկեցի նրան։ Ես էլ 9 գոտի ունեմ, ցանկանում եմ 10-րդ գոտիս նվաճել և ավարտել կարիերաս։ Մի ժամանակ ուզում էի խառը մենամարտերում փորձել ուժերս։ Բայց չարդարացրեց ֆինանասական տեսանկյունից և չկարողացա ինձ տրամադրել, որպեսզի շարունակեմ»,- Դարչինյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով Հայաստանում գտնվելու մասին՝ Վիկը նշեց, որ ցանկանում է օգնել հայ բռնցքամարտիկներին՝ առաջին քայլերն անել պրոֆեսիոնալ ռինգում․ «Շատ եմ սիրում Հայաստանը, տարին 3 անգամ այստեղ եմ լինում։ Եղել եմ նաև Արցախում։ Շատ եմ ուզում ինչ-որ բանով օգտակար լինել հայ երեխաներին։ Մտադիր եմ պրոմոութերական ընկերություն բացել։ Ես ինքս իմ մենամարտերով եմ ամեն ինչի հասել, օր ու գիշեր պարապելով։ Ուզում եմ հայ երեխաններն էլ հնարավորություն ունենան։ Իմ ազգանվամբ մեծ հնարավորություն կունենան, հատկապես ԱՄՆ-ի հեռուստաընկերությունների համար։ Պետք է 20 մենամարտ ունենաս, որ քեզ նկատեն, բայց իմ ազգանվամբ կկարողանամ նրանց հնարավորություն տալ։ Ես որպես պրոմոութեր կաշխատեմ նրանց հետ, պրոֆեսիոնալ մարզիչներով կշրջապատեմ նրանց։ 2008 թվականին, երբ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, ուզում էի Հայաստանում պրոֆեսիոնալ ակումբ հիմնել, իմ ձեռքը չբռնեցին։ Այն ժամանակ այլ էր ամեն ինչ։ Պրոֆեսիոնալում գումար կար, սիրողականում չկար։ Եվ չէին ցանկանում, որպեսզի երկու ռինգերը խառնեմ իրար։ Ես 10 տարի առաջ ուզում էի անել դա։ Հիմա կսկսենք 10 տարի հետո։ Մենք շատ լավ մարզիչներ ունենք ու լավ մարզիկներ, ինձ թվում է՝ լավ արդյունքներ կունենանք շուտով»։