Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես
2480
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 10:25

Մարտի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:
Իր խոսքում նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:
«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Արցախի Հանրապետության նախագահը:
Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետությունում կարևորում են ամերիկացիների սատարումն Արցախին, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:
Նախագահն արժևորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է ԱՀ նախագահ Սահակյանը:
Նա Արցախի Հանրապետության պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Արցախին սատարելու և Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար: