Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Զատուլինը պատմել է, թե ինչպես է Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել ադրբեջանցիներին

Զատուլինը պատմել է, թե ինչպես է Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել ադրբեջանցիներին
795
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 15:20

Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանն՝ ասելով, որ այդ մատակարարումներն «իրականացվել են նախկինում ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում»: Նա նաև մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» և «պատմական հողերի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: «Իմ տեսակետն այն է, որ այդ հայտարարությամբ նա թուլացրեց միջազգային հարթակում իր դիրքերը: Այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր ներքին լսարանին՝ հաշվի առնելով կայանալիք նախագահական ընտրությունները: Թեʹ պատմական, թեʹ քաղաքական տեսանկյունից այն որևէ ինտրիգ չէր պարունակում: Զարմանալի է, թե ինչպես է որևէ մեկն այդ հայտարարությունը լուրջ ընդունել»,- նշել է Զատուլինը: Զատուլինը նաև պատմել է, թե ինչպես է Արցախի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել ադրբեջանցիներին: Նա պատմել է, որ այդ օրը Ղուկասյանը ճնշված տեսք է ունեցել, և երբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարց է ուղղել, թե ի՞նչ է պատահել, Ղուկասյանն ասել է, որ «Հռոմեական կայսրության քարտեզների վրա տեսել է Մեծ Ադրբեջան գրությունն այն դեպքում, երբ հայկական կողմն այդ տարածքները տարիներ շարունակ իր պատմական հայրենիքն էր համարում»: Զատուլինի խոսքով՝ հաջորդ օրն ադրբեջանական պատվիրակությունը նյարդայնացած է եղել, քանի որ պատվիրակն ամբողջ պատվիրակությանը տարել էր՝ ցույց տալու այդ քարտեզները: Զատուլինի խոսքով, դժբախտաբար, այդտեղ գրված է եղել Մեծ Հայաստան: Այդպիսով, Զատուլինը կոչ է արել լուրջ չվերաբերվել Ալիևի խոսքերին: