Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մանրամասներ՝ Արցախի ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ

Մանրամասներ՝ Արցախի ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ
883
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 10:50

«Ասյա Խաչատրյանի հետ կատարված ապօրինությունների հետ կապվածի շուրջ քննարկումներից նոր տեղեկություններ ի հայտ եկան: Պարզվում է, որ Արցախի սահմանները պահող զորամասերում հայաստանցիների հանդեպ նողկալի խտրականության դեպքերը տեղացի զինվորների և սպաների կողմից մեկը չեն, երկուսը չեն: Ընդ որում շատ տեղացիներ իրենց համարում են առաջին կարգի, իսկ Հայաստանից եկածներին՝ երկորրդ կարգի մարդ, ընդ որում անգամ արմատներով Արցախից լինելը այս խտրականությունից չի ազատում:
Արա՛, ձեր ջեբկիրներին Հայաստանի վզին փաթաթեցիք, որ երկիրը դարձնում են անապատ, հիմա էլ ձեզ Հայաստանից առանձին ազգ եք երևակայե՞լ (երևի ալբանական ծագումնաբանությամբ) ու որոշել եք հայաստանցի-ղարաբաղցի խաղա՞լ:
Դեռ ինֆո հավաքելու փուլում եմ: Դեռ պետք է հասկանամ, թե արդյո՞ք սա հայկական այս նահանգի բնակչության մեծամասնության մտայնությունն է, թե՞ ընդամենն այնտեղ իշխանությունը զավթած նույն այն գավառամիտ խմբավորման, որի շոշափուկները խեղդում են նաև Հայաստանի պետականությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Epress.am-ը երեկ հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը, ով 2018-ի սկզբից աշխատում և ապրում է Ստեփանակերտում, փետրվարի 1-ին, երբ ուշ երեկոյան զբոսնել է քաղաքով, նրան են մոտեցել երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկել է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ «Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ապտակել են, հայհոյել և սպառնացել։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել նաև Ասյայի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը։ Երբ Ասյան բացատրություն է պահանջել, նրան ասել են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի»,- գրում է կայքը։

Խնդրին անդրադարձել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ եթե Ա. Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանն, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողություններն անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի: