Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել

Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել
265
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 14:05

Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։

Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։

Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը։