Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Միջազգային լրատվամիջոցները՝ Վատիկանում Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին

Միջազգային լրատվամիջոցները՝ Վատիկանում Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին
408
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 10:45

Միջազգային հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, Վատիկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, ինչպես նաև Վատիկանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին:

Մասնավորապես, Heraldmalaysia-ն գրում է Վատիկանի և Հայաստանի միջև լավ հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Վատիկանի պարտեզներում բացվեց 2015թ. «Եկեղեցու վարդապետ» հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Պարբերականը գրում է նաև արձանի նշանակության մասին. այն Արևելքի և Արևմուտքի, էկումենիզմի խորհրդանիշ է:

National Catholic Reporter-ը՝ վկայակոչելով Vatican News-ը, հայտնում է Սրբի արձանի բացման մասին՝ նշելով, որ արարողությունից առաջ ՀՀ նախագահը Հռոմի պապ Ֆրանցիկոսին է փոխանցել 7-րդ դարում կառուցված Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սարգսյանին հանձնել է խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակը:

Կաթոլիկ եկեղեցու մասին նորություններ հաղորդող Cruxnow կայքը ևս անդրադարձել է. «Վատիկանի պարտեզներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օծեց Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»,- ասվում է կայքում տեղակայված հոդվածում: Բացի այդ, կայքը նշում է, որ ավելի վաղ Սարգսյանն ու Հռոմի պապը մոտ 25 րոպե զրուցել են՝ քննարկելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, «տեղական» հակամարտություններն ու «պատերազմական թատերաբեմում» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների վիճակը:

Zenit News լրատվական գործակալությունը հիշեցնում է 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին: «Մայրաքաղաք Երևան վայրէջք կատարելուց ժամեր անց նա նախագահական պալատում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածը «Ցեղասպանություն» կոչեց՝ նշելով, որ դա «անցյալ դարի անմարդկային աղետ» էր»,- գրում է գործակալությունը: