Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House
166
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 12:35

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:

Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

Ավելին, համեմատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները՝ կազմակերպությունը փաստում է, որ այդ ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Վերլուծելով անցած տարվա զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է՝ Հայաստանը առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. Ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, ընդ որում, գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով ոչ միայն հանրության ընկալումը, այլև՝ իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը:

Ամենավատ արդյունքն արձանագրվել է ժողովրդավարական կառավարման ու ընտրական գործընթացների ոլորտներում, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում կառավարման համակարգի կայունությունը և անկախությունը, օրենսդիր ու գործադիր մարմինների հավասարակշռությունը 2008 թվականից ի վեր շարունակաբար նվազել է: Վերջին տասնամյակում տարեցտարի իջել է նաև ընտրական գործընթացներին ու բազմակուսակցական համակարգի կայացմանը տրված գնահատականը: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է քաղաքացիական հասարակության բնագավառում, սակայն այստեղ էլ 2008 թվականից հետո վիճակը ոչ թե բարելավվել, այլ վատացել է:

Արդյունքում, հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը այսօր ժողովրդավարության ցուցանիշով նկատելի զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, որոնք համարվում են անցումային կամ «հիբրիդային» տիպի պետություններ:

Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային 29 երկրների շարքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները:

Freedom House-ը Միացյալ Նահանգներում հիմնադրված ոչ-կառավարական, անկախ կազմակերպություն է,e որն ավելի քան 75 տարի աշխարհով մեկ պայքարում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության կայացման: Կազմակերպության գնահատականները մեծ վստահություն են վայելում Արևմուտքում, հենց դրանց հիման վրա է, օրինակ, ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում ֆինանսական օժանդակություն տրամադրել կարիքավոր, բայց՝ ժողովդրավարությանն ու օրենքի գերիշխանությանը հավատարիմ երկրներին: