Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Արցախցի 80-ամյա մարզիչն արժանացել է վաստակավորի կոչման

Արցախցի 80-ամյա մարզիչն արժանացել է վաստակավորի կոչման
724
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 17:10

Արցախում շախմատի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով շախմատի վաստակաշատ մարզիչ Երվանդ Մկրտչյանն արժանացել է վաստակավոր մարզչի պատվավոր կոչման:
Այն հանդիսավոր պայմաններում մարզչին է հանձնել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ Նախարարը, շնորհավորելով Երվանդ Մկրտչյանին հոբելյանի, բարձր կոչման արժանանալու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ նա շարունակելու է իր ավանդն ունենալ հանրապետությունում շախմատի ուսուցման, պատանի շախմատիստների կրթման ու դաստիարակման գործում:
«80-ամյակն արդեն պատկառելի տարիք է, բայց՝ ոչ սահման: Դատելով նրանից, որ դուք այսօր էլ մեր շարքերում եք, ուրեմն, ունենք բավարար եռանդ ու ավյուն՝ որպես մանկավարժ Ձեր գործը շարունակելու»,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ մարզաձևի զարգացման համար ավելացվելու են ներդրումները՝ ներգրավելով նաև լրացուցիչ միջոցներ:
Վաստակավոր մարզիչը խոստովանել է, որ նման գնահատանքը խրախուսում և մղում է նորանոր հաջողությունների: Իսկ լավագույն խթանն իր սաների սերն ու հարգանքն է, որ տարեցտարի միմիայն ավելանում է:
Նախարարության կողմից Երվանդ Մկրտչյանին հանձնվել է պատվոգիր ու դրամական պարգև: