Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ». Հայկ Մարտիրոսյան

«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ». Հայկ Մարտիրոսյան
1797
Շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ., 13:20

Ինձ հաճախ են մեղադրում հոռետեսական կանխատեսումներ կատարելու մեջ: Ես հոռետեսություն չեմ սփռում: Նայում եմ իրականությանը, կատարում վերլուծություններ և քաղաքական կանխատեսումներ:
Ինչպես տեսանք՝ ընդամենը երկու օր առաջ կանխատեսումը՝ Սիրիայի մասով ևս իրականացավ:
Ժամանակն է հասկանալու, որ ինքնախաբեությունն ու վատ հեռանկարի հնարավորությունն ընդունել չկարողանալը ընկած է մեր հասարակության դժբախտությունների մի մասի հիմքում: Կույր և ինքնախաբեական լավատեսությամբ մնում ենք անպատրաստ՝ մարտահրավերների հանդեպ և փոխանակ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու՝ արձագանքում ենք միայն արհավիրքի վրա հասնելուց հետո: Դա պարտության և կործանման ճանապարհ է, որից պետք է դուրս գալ և այլևս լուրջ ու սթափ նայել ապագայի հնարավոր սցենարներին: Սիրիայի մասով կանխատեսմանը կհաջորդի Հայաստանի մասով կանխատեսման իրականացումը:
Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ: Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի: Վախենալու, սարսափելու և հուսահատվելու փոխարեն անհրաժեշտ է պատրաստվել, կազմակերպվել և լցվել վճռականությամբ՝ ճակատագրական այդ պատերազմում անվերապահ հաղթանակ ապահովելու՝ որքան էլ որ բարձր լինի մարդկայի կյանքերով վճարվող գինը:
Հողն ավելի թանկ է քան մարդկային կյանքը: Ստում են և նույն այդ մարդկանց ամբողջական ոչնչացման են դատապարտում այն քարոզիչները, ովքեր համոզում են թե մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է և չի կարելի այն զոհել՝ հանուն տարածքների կամ հողերի պաշտպանության: Առանց սեփական հողի և տան՝ մարդկային կյանքն անարժեք է և անիմաստ: Չկա հող՝ չկա և կյանք, իսկ ստրկությունն ու մահը՝ թշնամու կողմից երաշխավորված են սեփական կյանքը փրկելու հանուն հողհանձնող զինվորին, նրա ընտանիքին և ժողովրդին: Եթե հողն ավելի պակաս արժեք ունենար քան դրա վրա ապրող մարդու կյանքը՝ չէին ծնվի և չէին լինի հազարավոր հերոսներ, որոնք իրենց հայրենիքների, հողերի և անգամ գաղափարների հանուն՝ զոհել ու շարունակում են նվիրաբերել իրենց սեփական կյանքերը:
Առաջիկա պատերազմը ճակատագրական է լինելու:
Սթափվելու, պատրաստվելու և հաղթելու ժամանակն է: