Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Շախմատ. հայտնի են Հայաստանի պատանի չեմպիոնների և չեմպիոնուհիների անունները

Շախմատ. հայտնի են Հայաստանի պատանի չեմպիոնների և չեմպիոնուհիների անունները
90
Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 01:20

Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին Հայաստանի պատանեկան առաջնությունների արդյունքները: Մրցաշարերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները նվաճեցին Աշխարհի և Եվրոպայի առաջնության ուղեգրեր:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հիանալի արդյունք ցույց տվեց Ռուդոլֆ Փաշիկյանը, ով 11 հնարավորից վաստակեց 10 միավոր և դարձավ չեմպիոն: Տպավորիչ էր նաև 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Դավիթ Ալեքսանյանի արդյունքը, ով վաստակեց 9 միավոր: 3 շախմատիստ՝ Բենիկ Ագասարովը, Գագիկ Նավոյանը և Նիկոլայ Հովյանը վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ բրոնզե մեդալը բաժին հասավ Ագասարովին:

Մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբում չեմպիոնի կոչումը 8.5 միավորով գրավեց առաջին հորիզոնականը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Սյուզաննա Առաքելյանը չեմպիոնից հետ մնաց ընդամենը կես միավորով, իսկ Անահիտ Մկրտչյանը 7.5 միավորոբ եզրափակեց լավագույն եռյակը:

Մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում հաղթող դարձավ Ռոբերտ Փիլիպոսյանը: Չեմպիոնն իր ակտիվում գրանցեց 8.5 միավոր: Արծաթե մեդալ նվաճած Էմին Օհանյանը վաստակեց 8 միավոր: Ալեքս Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը 7-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 3-րդը դարփավ Ալեքս Սահակյանը:

Մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում Սեդա Բադալյանը և Միլենա Գասպարյանը վաստակեցին 8-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվարկելու լրացուցիչ ցուցանիշներ: Արդյունքում չեմպիոնի կոչումը նվաճեց Բադալյանը, իսկ Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր: Թամար Գոգինյանը 7.5 միավորով դարձավ 3-րդը:

Մինչև 14 տարեկանների պայքարում հրաշալի արդյունք ցույց տվեց Ռոբերտ Մուրադյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանից: Սևակ Մանուկյանը 5.5 միավորով արժանացավ բրոնզե պարգևի:

Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում Ասյա Եդիգարյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ չեմպիոն դարձավ Եդիգարյանը: Մկրտչյանը դարձավ փոխչեմիոն, իսկ Աստղիկ Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը: 6.5 միավոր վաստակած Արմեն Բարսեղյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արեգ Շմավոնյանը 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում Մանե Հովհաննիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոն հռչակվեց Մանե Հովհաննիսյանը, իսկ Աննա Խաչատրյանը դարձավ փոխչեմպիոն: 6.5 միավորով Անահիտ Մկրտչյանը դարձավ 3-րդը:

Մինչև 18 տարեկանների պայքարում Դավիթ Միրզոյանը և 15-ամյա Տիգրան Սարգսյանը ցույց տվեցին բացառիկ բարձր արդյունք՝ վաստակեցին 8-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Դավիթ Միրզոյանը ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ դարձավ հաղթող, իսկ Սարգսյանը մնաց 2-րդ հորիզոնականում: Բրոնզե մեդալի արժանացած Արթուր Հողմրցյանը վաստակեց 6.5 միավոր:

Մինչև 18 տարեկաններ առաջնությունում Մարիամ Ավետիսյանը 7 միավորով դարձավ մրցաշարի հաղթող, Արփինե Գրիգորյանը 6.5 միավորով դարձավ 2-րդը: Իր ակտիվում 5.5 միավոր գրանցած Մանե Ադամյանը արժանացավ բրոնզե պարգևի: