Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել

Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել
634
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 00:45

Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկման վերաբերյալ: Տեքստն՝ ստորև:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ՝ մասնավորապես՝ հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:
Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել՝ ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: