Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

1991թ. այս օրը Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը

1991թ. այս օրը Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը
521
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 18:05

1991թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով:

«Օղակ» գործողությունը շարունակություն դարձավ 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում իրագործված էթնիկ զտումների, որոնք նպատակ էին հետապնդում սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային-ազատագրական պայքարը և հայրենազրկել նրանց։ Ադրբեջանի ղեկավարությունը չէր թաքցնում, որ «Օղակ» գործողությունը դիտարկում է որպես ողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափման սկիզբ։

Տանկերի, ռազմական ուղղաթիռների և հրետանու կիրառմամբ իրականացված գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ. նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ: