Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության կոչը՝ ՀՀ իշխանություններին

ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության կոչը՝ ՀՀ իշխանություններին
299
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 14:15

ԱՄՆ ՀԳԼՄ կոչը՝ ուղղված հայաստանյան իշխանություններին.

Մենք՝ ԱՄՆ ՀԳԼՄ (հայ գրողների և լրագրողների միություն) անդամներս կոչ ենք անում հայաստանյան ձախողված ու վարկաբեկված իշխանություններին չխոչընդոտել և նույնիսկ աջակցել ներկայիս անհետաձգելի պահանջը դարձած թավշյա իշխանափոխությանը՝ տրամաբանական ավարտին հասցնելով աշխարհում իր նմանակը չունեցող անարյուն, անցավոտ, բացառապես թավշյա հայկական հեղափոխությանը:
«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին…» կարգախոսը թո՛ղ փոխարինվի օրվա հրամայականը դարձած «Քայլ արա՛, ընտրի՛ր Նիկոլին…» փրկարար, ազգապահպան կարգախոսով.
- Քայլ արա՛, ընտրի՛ր Նիկոլին…
Ովքեր դեմ են այս կարգախոսին, ուրեմն դեմ են Հայաստանի անշեղ զարգացման գաղափարին, որի համար փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր գիտակից ու հայրենասեր հայեր ո՛չ միայն հայրենիքում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ հանգրվանել են մեր սփյուռքահայ հայրենակիցները: Ովքեր դեմ են այս կարգախոսին, թո՛ղ գոնե ամաչեն մեր՝ քաղաքականապես գիտակից ու զգոն երիտասարդներից, դպրոցականներից և նույնիսկ նախադպրոցական տարիքի մանուկներից, ովքեր մանկապարտեզներում հեղափոխություն-հեղափոխություն են խաղում՝ թոթովախոս գոչելով արդեն հնացած «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին…» կարգախոսը կամ էլ վանկարկում՝ «Նիկոլ, ՆիԿոլ, ՆիԿոլ …»:
Նիկոլը մեզ հույս և վստահություն ներշնչեց, կարողացավ համոզել մեզ, որ չենք կորցնելու մեր պետականությունը, կասեցնելու ենք ահագնացող արտագաղթը, այլևս բանտերում չենք փակելու արցախյան հերոսամարտի մեր քաջարի մարտիկներին ու հերոսներին, վերականգնելու ենք արդարությունը և հույսներս դնելու ենք միայն և միայն մեր վրա, որ Հայաստանը, իսկապես, դառնալու է սոցիալական պետություն, ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ…
- Կեցցե Նիկոլը…
Եկե՛ք դառնանք տարածաշրջանի ամենաօրինակելի ու ժողովրդավար երկիրը:
Հայրենակիցնե՛ր, Հայկական Սփյուռքը Ձեզ հետ է, ԱՄՆ ՀԳԼՄ Ձեզ հետ է:
- Կեցցե՛ ազատ, արդար, անկախ Հայաստանը…

ՎԱԶԳԵՆ ՎԱՆԱՏՈՒՐ Բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ նախագահ
ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ Արձակագիր, լրագրող, թարգմանիչ,

ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Վիպասան, ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ Լրագրող, ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ
Գլենդեյլ, Կալիֆորնիա

29 ապրլի, 2018թ.