Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Քաղբանտարկյալների վերաբերյալ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը Նիկոլ Փաշինյանին

Քաղբանտարկյալների վերաբերյալ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը Նիկոլ Փաշինյանին
792
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 00:05

ԵՀՄՖի նախագահության պահանջը՝ քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն տալու շուրջ.

«Երկու ամիս առաջ՝ փետրվարին, ԵՀՄՖն հայտարարել էր, որ սկսում է Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն տալու շուրջ գործընթացները: Այսօր, նկատի ունենալով երկրում ժողովրդավարության հաստաման նոր գործընթացները, ԵՀՄՖի նախագահությունը կասեցնում է այս խնդրի շուրջ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները և դիմում է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կոչով. աշխատել քաղբանտարկյալներին մեկ օր շուտ ազատելու ուղղությամբ: Տարիներ շարունակ բանտում են գտնվում մեծ հայրենասերներ Ժիրայր Սեֆելյանը, Կարո Եղնուկյանը և այլոք, որոնց միակ մեղքը գործող բռնապետական վարչակարգի դեմ հերոսական պայքար մղելն է եղել:

Այսօր, երբ մեր երկիրը թոթափում է ատելի վարչակարգի լուծը և փորձում է հաստատել իսկապես ժողովրդական համակարգ, անհրաժեշտ է անմիջապես ազատություն պարգևել մեր հերոսներին: ԵՀՖՆ պատրաստվում է Հայաստան գործուղել և օտար և հայ ներդրողներին, որոնց օգնությամբ հնարավոր է վերածնել երկրի տնտեսությունն ու վերաթողարկել երբեմնի հզոր արտադրությունները, Հայաստանին վերադարձնելով արդյունաբերական մեծ պոտենցիալ ունեցող երկրի իմիջը: Հասկանալի է, որ այս աշխատանքների կատարման գրավականը բաց, ազատ հասարակություն ունենալն է, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը և, իհարկե, քաղբանտարկյալների ինստիտուտի վերացումը: Անհնարին է արտասահմանյան ներդրողներ ներգրավել քաղբանտարկյալներ ունեցող երկրում, ինչպես նաև անհնարին է լայն ժողովրդավարություն հաստատել առանց վերոհիշյալ սխալների շտկման: Հակառակ պարագայում ոչ միայն անհնարին է լուրջ ներդրումներ ներգրավելը և տնտեսության հզորացումն ապահովելը, այլև անհնարին է ժողովրդի այսօրվա աննախադեպ բարձր ոգու պահպանումը և երկրի կտրուկ զարգացման գործընթացներն իրականացնելը, որը կբերի շարժման և նրա առաջնորդի նկատմամբ վստահության կտրուկ անկման:

ԵՀՄՖի նախագահությունը լիահույս է, որ ժողովրդական շարժման ղեկավար պարոն Փաշինյանը կլծվի մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը և մենք շատ շուտով մեր կողքին կունենանք անարդարացիորեն ազատազրկված մեր հերոսներին»: