Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Կուռքի հաղթանակը». ռուսական մամուլ

«Կուռքի հաղթանակը». ռուսական մամուլ
1072
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 11:30

Մայիսի 2-ին Հայաստանը հեղափոխության վճռական փուլ մտավ: Աննախադեպ թվով մարդ դուրս եկավ փողոց, ողջ քաղաքի երթևեկությունը կաթվածահար եղավ: Գործող իշխանությունն արդեն չի տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ երկրին: Մայիսի 8-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այս մասին Երևանից հաղորդել է «Коммерсантъ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը:

Խորովածային հեղափոխություն

Մայիսի 2-ի վաղ առավոտյան Երևանը վերածվել էր հետիոտնային գոտում: Փողոց էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ քաղաքի խաչմերուկները վերածվել էին պարահրապարակի. պարում էին բոլորը՝ ուսանողներ, դպրոցականներ, նրանց ուսուցիչները և նույնիսկ դեռ դպրոց չհաճախող երեխաները, փողոցներում մանղալներ էին դրել և միս էին խորովում ու հյուրասիրում բոլոր ցանկացողներին:

Վաղ առավոտից փակ էր նաև օդանավակայանի ճանապարհը: Նրանք, ովքեր պետք է մեկնեին Հայաստանից, մինչև օդանավակայան ոտքով էին գնում: Իսկ եթե Երևանով ինչ-որ տրանսպորտային միջոց էր երթևեկում, ապա դրոշներով և անդադար ազդանշաններով: Արդյունքում պատգամավորները չհասան իրենց աշխատավայր՝ Բաղրամյան փողոցում գնտվող Ազգային ժողով:

Մեկ գիշերում հանրապետականների դիմանկարները տպեցին և փակցրեցին ողջ քաղաքում, նույնիսկ դագաղ և ծաղկեպսակ բերեցին Արթիկում հանրապետականների գրասենյակի մոտ:

Հրապարակից՝ վարչապետ

Մինչ Երևանում զանգվածային ցույցեր էին անցկացվում, Հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ին խորհրդարանում կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանի խոսնակ, հանրապետական Արա Բաբլոյանը կոչ արեց դադարեցնել պատգամավորների ճանապարհի անօրինական փակումն ու զերծ մնալ նրանց անձնական կյանք ներխուժելուց: Իսկ ահա քիչ անց օրվա գլխավոր նորությունը հայտնվեց. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին կուսակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Միակ թեկնածուն կրկին կլինի Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկելու մասին հայտարարեց նաև պատգամավոր, հայ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը, ով գլխավորում է «Ծառուկյան» դաշինքը: ՀՀԿ-ի որոշման փոփոխությունը Փաշինյանին հաղթանակ է ապահովում:

Վերջին հույսի Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը փաստացի հերոսացավ: Հայաստանում այժմ նրա դիմանկարով վերնաշապիկներ են հագնում, նրա լուսանկարները փակցվում են մեքենաների վրա, ամենուր: Երբ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, նրա կողքին է հավաքվում երջանիկ ամբոխը: Նրանից ստորագրություն են խնդրում, սելֆիներ անում նրա հետ, փորձում ձեռքը սեղմել կամ գոնե դիպչել նրա հագուստին: Նրա հետ են կապում Հայաստանի ապագան:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը «Коммерсантъ»-ի հետ զրույցում բացատրել է Փաշինյանի ֆենոմենը.

«Նա տաղանդավոր և ստեղծարար մարդ է: Նա ստեղծեց ոչ բռնի ակցիաների գաղափարը: Իսկ ռեժիմը հենց սկզբից սխալ գործեց. նրանք կարծում էին, որ ցածր լեգիտիմությամբ կարելի է հավերժ ապրել: Ոչ, չի կարելի: Սխալ էր նաև Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին մնալու ցանկությունը, քանի որ նա խոստացել էր այլևս չառաջադրվել: Եթե նա հեռանար, իսկ վարչապետ դառնար մեկ ուրիշն, ապա այս ամենը չէր լինի»: Սակայն, Իսկանդարյանի խոսքով, Նիկոլի համար հեշտ չի լինելու: Մեկ այլ՝ լուրջ խնդիր է քաղաքագետը նշել օլիգարխների խնդիրը: «Ահա Ծառուկյանը, նա ձայն է տալիս Նիկոլին, սակայն դրա դիմաց ինչ-որ բան է պահանջում, իսկ նրա ախորժակը մեծ է: Թե ինչպիսի՞ս կլինի ամենախոշոր օլիգարխի՝ Ծառուկյանի դեմ պայքարը, դժվար է պատկերացնել»: