Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Զորամասերում նկատված խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ». «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի բաց նամակը վարչապետին

«Զորամասերում նկատված խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ». «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի բաց նամակը վարչապետին
3715
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 01:15

Հարգելի պարոն վարչապետ, ականջալուր լինելով Ձեր հորդորին՝ բարձրաձայնել և տեղեկացնել զորամասերում առկա և առաջացող խնդիրների մասին, տեղեկացնում եմ Ձեզ, զորամասերում նկատված խնդիրների մասին, որոնք բազմաթիվ են և բազմաբնույթ։ Ստորև թվարկվող խնդիրները ինչպես արձանագրել ենք անձամբ, այնպես էլ ի հայտ են եկել զինծառայողների հետ զրույցների ընթացքում։ Այսպիսով, առկա խնդիրներից առանձնացրել ենք․ 1. Զինվորական համազգեստի բաղադրության մեջ բամբակի քանակի սակավություն։ 2. Զինվորական երկարաճիտ կոշիկների հարմարավետության բացակայություն․ ամռանը շատ շոգ, ձմռանը որոշ ուղղություններով, հատկապես բարձր լեռնային տեղադրություն ունեցող զորամասերում, ցուրտ։ 3. Դիրքերում խմելու ջրի հարցի լուծման ինքնակազմակերպումը։ 4. Տրամադրվող սափրվելու միջոցների՝ այդ թվում գել(փրփուր), ածելիի անորակություն, խոզանակների, ատամի մածուկների՝ տրամադրման դեպքում, անորակություն, զինվորական հողաթափերի չափսերի ստանդարտացում, տրման հաճախակիացում։ 5. Ամսավճարի չափի մեծացում, քանի որ գործնականում ոչինչ հնարավոր չէ շարքային կազմին տրվող գումարով, որևէ խնդիր լուծել։ 6. Ներքնաշորերի, այդ թվում անդրավարտիքների, զինվորական քողարկող շապիկի, ձմեռային ներքնաշորերի և նասկիների որակների կտրուկ բարձրացում։ 7. Զինվոր-ընտանիք, հարազատներ շփման հնարավորության, կապի ապահովում։ 8. Զինվորական սննդի որակի բարձրացում, հատկապես մակարոնեղենի, սուրճի, և շոկոլադե սալիկների (տրամադրման դեպքում)։ 9. Զինվորական ձմեռային ձեռնոցների որակի բարձրացում, դյուրավառության աստիճանի իջեցում։ 10. Բուժկետերի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում, դեղորայքների տեսականու մեծացում։ 11. Կոռուպցիոն ռիսկերի վերահսկում, գողության դեպքերի կտրուկ և իսպառ բացառում, զինվորական ամենատարբեր պարագաների վաճառքի խստիվ բացառում՝ այդ թվում սնունդ, հագուստ և այլն։ Ցավոք, խնդիրները իհարկե այսքանով չեն ավարտվում, առկա են մի շարք ինչպես փոքր, այնպես էլ՝ ֆունդամենտալ խնդիրներ։ Ներկայացված խնդիրները լուծելու համար ունենք մի շարք առաջարկություններ, լուծման տարբերակներ։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը, ակտիվ մասնակցել խնդիրների քննարկման, լուծման ուղիների մշակման, իրականացման և քաղաքացիական վերահսկողության իրականացման ուղղությամբ, իսկ բարձրացված խնդիրները և լուծման հնարավոր ուղիները պատրաստ ենք ներկայացնել, ըստ անհրաժեշտության, հանդիպման ժամանակ։ Հարգանքներով, Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ՝ Դավիթ Թորոսյան