Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նիկոլ Փաշինյանը խոսել է ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին
981
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 14:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև: «Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, և այդ գործընթացը պետք է շարունակել մինչև վերջ:

Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»:

Խոսելով ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: