Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ի՞նչ է փոխվելու հայ-վրացական հարաբերություններում հայկական թավշյա հեղափոխությունից հետո

Ի՞նչ է փոխվելու հայ-վրացական հարաբերություններում հայկական թավշյա հեղափոխությունից հետո
600
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 13:30

Ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա խաղաղ հեղափոխությունը իր ազդեցությունն է ունենալու նաեւ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Նորընտիր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հնարավորություն է ունեցել լրատվամիջոցներին ներկայացնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։

Մայիսի 1-ին Հայաստանի ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք առանձնահատուկ կարեւորություն են տալիս Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններին։ Նա նաեւ նշեց, որ քաղաքական այս գործընթացը, որը տեղի ունեցավ Հայաստանում նոր շունչ ու էներգիա է տալու անմիջական հարեւանների հետ իրենց հարաբերությունների զարգացման գործին։

Պատասխանելով պատգամավորների հարցին, նա նաեւ ասել է, որ պետք է մաքսիմալն անել հայ–վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար, որովհետեւ շատ դեպքերում, նրա կարծիքով, լարվածություններ առաջացել են ոչ թե այն պատճառով, որ մեր երկրների հարաբերությունների բնականոն պրոցեսն է բերել այդ լարվածությանը, այլ որովհետեւ հարցերը դիտարկվել են ոչ թե հայ–վրացական հարաբերությունների, այլ ինչ–որ ուրիշ հարաբերությունների համատեքստում: Փաշինյանը այդ ընթացքում ավելացրել է, որ «Ինքնության նկատմամբ փոխադարձ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ–վրացական բարեկամությունը»:

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որը եւս շատ դրական ժեստ կարելի է համարել։

Հայաստանի վարչապետն իր խոսքում նշել է, որ Վրաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է: Նրա խոսքերով՝ Վրաստանի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի Հայաստանը եւ Վրաստանը եղբայրական երկրներ եւ գործընկերներ են:

Նա կրկին անգամ նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք նրա խոսքերով՝ ցավոք ոչ միշտ են դրական:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը եւ Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական եւ քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջեւ:

Արդեն մայիսի 11-ին Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև կայացել է հեռախոսազրույց:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին օգտվելով առիթից կրկին անգամ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:

Հայաստանի վարչապետն արդեն հեռախոսազրույցում մեկ անգամ ևս շեշտել է այն միտքը, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նա կարևորել է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:

Գիորգի Կվիրիկաշվիլին իր հերթին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել, էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը երեք անգամ տարբեր առիթներով այն միտքն է հնչեցնում, որ հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն շատ կարեւոր են Հայաստանի համար, այլ որ նրանք պետք է զարգացնել և ամենակարևորը զերծ պահել աշխարհաքաղաքական ազդեցություններից։

Ինչո՞ւ հենց աշխարհաքաղաքական ազդեցություններից հայ-վրացական հարաբերությունները զերծ պահելու մասին է խոսում նորընտիր Հայաստանի վարչապետը և ի՞նչ վտանգ է նա տեսնում դրանում։

Խոսքը այս պարագայում նրա մասին է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմակերպության անդամ է, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետություն, իսկ Վրաստանը 2008թ․ վրաց-ռուսական պատերազմից հետո խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և մինչև օրս վրաց-ռուսական հարաբերությունները գտնվում են չափազանց լարված իրավիճակում։ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։

Այս աշխարհաքաղաքական իրողությունը, եթե ոչ խանգարել, ապա մշտապես խոչընդոտել է հայ-վրացական հարաբերությունների լիարժեք զարգացմանը և այդ իսկ պատճառով շատ հաճախ հայ-վրացական հարաբերությունները անվանվում են «եղբայրական» կամ «բարեկամական» և ոչ թե «ռազմավարական»։ Եղբայրական որակավորումը այս պարագայում ավելի հարմար է, սակայն եթե խորանանք կարելի է հասկանալ, որ քաղաքականության մեջ «եղբայրական հարաբերություններ» որակումը շատ հաճախ ավելի ցածր մակարդակ է ենթադրում, քան «ռազմավարական հարաբերություններ» հասկացողությունը։ «Եղբայրական հարաբերություններ» որակավորման մեջ կարելի է տեսնել բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք երկու կողմերը հանուն եղբայրական հարաբերությունների պահպանման կոնսերվացված են պահում։ Սակայն իրականում այդ խնդիրները բացվելու կարիք ունեն, որ հավաքված վերքերը հանվեն արեւի լույսի տակ ու գտնեն իրենց բուժումը։ Տվյալ խնդիրները կարիք ունեն քննարկվելու անկեղծ մթնոլորտում հավասարը-հավասարի։ Այդ խնդիրների շարքին կարելի է դասել առանց երկար-բարակ թվարկելու ջավախքահայությանը հուզող բազմաթիվ հարցեր տարբեր բնագավառներում։ Խնդիրների ամենասուր շարքին է պատկանում վիճելի համարվող հայկական եկեղեցիների վերադարձման հարցը, ինչպես նաև այլ տեսակի բազմաթիվ հարցեր։

Հայաստանում այսօր տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխությունը հրաշալի առիթ է նորովի կառուցելու հայ-վրացական հարաբերությունները, դրանք իրականում զերծ պահելով աշխարհաքաղաքական գործընթացներից։ Եթե Վրաստանը և Հայաստանը իրենց մեջ գտնեն այդ ուժը ու համապատասխան կամքը միմյանց ապացուցելու, որ իրենց հարաբերություններում չկա երրորդ կողմ, ապա հայ-վրացական հարաբերությունները կարող են զարգացվել ու հասցվել ռազմավարական մակարդակի, ինչը իր հերթին լուծում կտա կուտակված բազմաթիվ խնդիրների, որոնք այսքան տարի կոնսերվացված են պահվել ի վնաս մեր երկու ժողովուրդների։ Ամեն պարագայում, որ հենց այդպես է լինելու մեծ հույս է ներշնչում Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով իր թավշյա հեղափոխությամբ ապացուցեց համայն աշխարհին, որ Հայաստանը անկախ ու ժողովրդավարական երկիր է։

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն