Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանում հետադարձ չի լինի». Պուտին-Փաշինյան հանդիպման ամփոփում

«Հայաստանում հետադարձ չի լինի». Պուտին-Փաշինյան հանդիպման ամփոփում
1663
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 11:00

Երեկ Սոչիում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հարկ է նշել, որ ՀՀ նորանշանակ վարչապետն ու ՌԴ նախագահն առաջին անգամ բանակցություններ վարեցին, գրում է РИА Новости-ն:

Գործակալությունը հիշեցնում է, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ «աշխարհքաղաքական տարր» չի լինի, և Մոսկվան մտահոգվելու կարիք չունի, քանի որ Հայաստանում իշխանափոխությունը բացասական չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Իսկ արդեն Սոչիում անձնական հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները քննարկման կարիք չունեն: Դրան նախորդեցին Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը նախկինի պես Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում մոտ գործընկեր և դաշնակից:

Գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին Մոսկվան զուսպ գնահատական տվեց՝ դրանք «Հայաստանի ներքին գործ» անվանելով, և Հայաստանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով ոչ թե երրորդ գերտերության շահերից, այլ, մասնավորապես, Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտությունից, ինչպես նաև Թուրքիայի հետ լարված հարաբերություններից, որը բացահայտ աջակցում է Բաքվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Իր հերթին, Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ առճակատումը, ձգտում է չկորցնել դաշնակիցներին այն դեպքում, երբ Հայաստանին չի կարող փոխարինել ո՛չ Վրաստանով, որը ձգտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման, ո՛չ Ադրբեջանով, որը ձգտում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական միության:

Սակայն հայ-ռուսական հարաբերություններում կան նաև խնդիրներ, որոնք Փաշինյանը խոստացավ քննարկել ռուսական կողմերի հետ: Դրանցից մեկը գազի սակագինն է: Նոր իշխանությունները խոստացել են իջեցնել սակագները: Այժմ «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական վառելիք է գնում 150 դոլարով՝ հազար քառ. մետրի դիմաց, և վաճառում հայ սպառողներին 286 դոլարով: Առավել բարդ կլինի Հայաստանի համար ցավոտ մեկ այլ խնդիր լուծել՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը:

Այդ թեման, ինչպես գրում է գործակալությունը, բարձրացնում էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, և նոր իշխանությունը նրան մեղադրում էր այդ հարցում պասիվության համար: «Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է մի շարք ծրագրերում, իսկ Հայաստանը՝ դաշնակիցը, և նոր հակամարտությունը Ռուսաստանին ձեռնտու չէ»,- եզրափակում է գործակալությունը: