Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Արցախում անցկացվում են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ

Արցախում անցկացվում են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ
752
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 22:40

Մայիսի 14-ից Արցախում մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Զորավարժությունները ղեկավարում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Մայիսի 15-ին «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող փուլերից մեկը:

Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները:

Համաձայն խաղարկված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ և հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի և, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը: