Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Շատերը պատկերացնում են, որ պետք է գնայինք, բանտախցերի դռները բացեինք, ասեինք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին

«Շատերը պատկերացնում են, որ պետք է գնայինք, բանտախցերի դռները բացեինք, ասեինք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին
989
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 00:35

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրին՝ հիշեցնելով իր խոստումը, որ Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: «Բայց շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնայինք, բանտախցերի դռները բացեինք, ասեինք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք: Բայց դա օրինական ճանապարհ չէ»:

Նա նշեց, որ այն քաղբանտարկյալները, որոնց ազատազրկման գործում սպանություններ չկան, ավելի հեշտ կարող են ազատ արձակվել, սակայն Սասնա ծռերի գործը մի փոքր այլ է. «Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այդ գործը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության ոլորտի հաստատման համար: Մենք այս խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով: Ինձ համար սա շատ կարևոր ու սկզբունքային հարց է, պետք է քննարկում ունենանք նաև սպանված ոստիկանների հարազատների հետ: Հասկանանք՝ որն է հիմնավոր ապացույց, որը՝ սարքովի: Պետք է այս ամբողջական ինֆորմացիան հասկանանք, ի մի բերենք, որ լուծենք այս թնջուկը: Ես չեմ ասում՝ չէ, եկեք այս խնդրը թողնենք, չկա այդպիսի խնդիր, որը կարող է անտեսվել մեր կողմից: Պարզապես ասում եմ՝ եկեք տեսնենք, թե ինչ ծավալներով ու միջոցներով ենք սա լուծում,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.- ինչպե՞ս են Հայաստանում քաղբանտարկյալները ձևավորվում. հենց այս կամ այլ կաբինետներից հեռախոսով զանգել են դատավորներին ու ասել՝ սրան այսքան պիտի տաս, նրան՝ այսքան»:

Վարչապետը նաև նշեց, որ ինքն էլ, լինելով քաղբանտարկյալ, կարևորում է, որ այս հարցը լուծվի իրավական դաշտում. «Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այստեղ 2 կարծիք լինել չի կարող»: