Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արտահերթ ընտրություններ. երբ և ինչպես

Արտահերթ ընտրություններ. երբ և ինչպես
538
Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 13:35

Ակնհայտ է, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն չի համապատասխանում գոյություն ունեցող արտախորհրդարանական առկա քաղաքական քարտեզին, ինչն անառողջ քաղաքական զարգացումների համար պարարտ հող է: Ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական և քաղաքակիրթ միակ ճիշտ ճանապարհը, կարծում եմ՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն սեղմ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, ինչն ավելի կամրապնդի միջազգային հանրության մոտ քաղաքական ազգ լինելու մեր հավաքական կերպարը:
Ըստ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսած ժամանակացույցի, ԱԺ արտահերթ ընտրությունները կարելի է կազմակերպել այսօրվանից հաշված՝ 72 օր հետո՝օգոստոսի 5-ին: Այդ ընթացքում ԱԺ-ն պետք է փոփոխություններ կատարի Կուսակցությունների, Ընտրությունների մասին օրենքներում և սահմանափակի վարչապետի լիազորությունները: Այն կարելի է իրականացնել ԱԺ երեք քառօրյանների ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝նաև խորհրդարանի արտահերթ նիստեր գումարելու միջոցով: Այս օրենքների նախագծերը հիմնականում կան ԱԺ հանձնաժողովների թղթապանակներում, այլ խոսքով՝ ժամանակն ամբողջությամբ բավարար է նշված օրենքներում փոփոխություններ կատարելու համար:
Իդեպ, այդ թղթապանակներում առկա է նաև իմ հեղինակած՝ «Ընտրությունների մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է համապետական համամասնական ընտրական համակարգ:
Շատ կարևոր է, որ մինչ այդ ազատության մեջ լինեն նաև քաղբանտարկյալները՝ ընտրությունների լիգիտիմության անխոցելիությունն ապահովելու համար:
Իմ դիտարկմամբ, ճանապարհային քարտեզը, որով պետք է իրականացվի սուղ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացումը, համեմատաբար անխոցելի է և, կարծում եմ, ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից:
Եվ այսպես. հունիսի յոթին նախատեսված է ԱԺ-ում նորանշանակ կառավարության ծրագրի քննակումն ու հաստատումը: Ծրագրի փոխարեն, կարծում եմ, պետք է ներկայացվի մոտավորապես հետևյալ բովանդակությամբ քաղաքական ուղերձ. «Ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում, երբ գործող խորհրդարանի մեծամասնությունը փոքրամասնություն է խորհրդարանից դուրս, իսկ ԱԺ-ում ինը պատգամավորներով փոքրամասնությունը՝ մեծամասնություն արտախորհրդարանում, մենք պարտավոր ենք այս քաղաքական անոմալիայից օր առաջ ազատվել: Առողջ և բնականոն քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ է, որ խորհրդարանն իրապես արտացոլի քաղաքական ուժերի իրական պատկերը հասարակությունում: Ստեղծված իրավիճակում միակ ճիշտ՝ քաղաքական, քաղաքակիրթ, նաև բարոյական լուծումը՝ ՀՀ Սահմանադրությաբ նախատեսված ամենասեղմ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Կոչ եմ անում ընդունել այս քաղաքական ուղերձի՝ այս պահին մեր պետության համար կենսական անհրաժեշտությունը և այսօր չհաստատել ծրագիր: Կարծում եմ հասկանալի է, որ ծրագիր չհաստատելուց հետո պետք է չընտրվի նաև Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ կետով նախատեսած նոր վարչապետ, որի դեպքում ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:
Թե´քաղաքականապես, թե´ բարոյապես նման բովանդակությամբ ուղերձն անխոցելի է, և չեմ կարծում, որ ԱԺ-ում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով քաղաքական առողջ և բնականոն զարգացումների կողմնակից է, չի համաձայնի այս ուղերձի ճշմարտացիության և անհրաժեշտության հետ:
Պետություն, որի պետական կառավարման համակարգը պառլամենտական է, պետք է հնարավորինս շուտ ազատվի այսօր ձևավորված պառլամենտական անոմալիայից: Հորդորով իշխանավորին հեռացնելը կամ քվեարկություն պարտադրելը ժամանակի մեջ հաստատուն ընթացք է թավշյա հեղափոխությունից դեպի թավշյա տեռոր: Անհրաժեշտ է կառուցել նորը, որտեղ պետք է ոչ ևս լինեն հորդորով իշխանավորին փոխելն ու պարտադրանքով քվեարկություն կազմակերպելը, ինչը ժողովրդավարական չէ՝ հորդորողի և քաղաքականապես նվաստացուցիչ է՝ պարտադրվողի համար: Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ազատ, արդար, և, որ ամենակարևորն է՝ վերջապես չկեղծված ընտրությունների միջոցով ժողովրդի քաղաքական իրական ընտրությունը բերել խորհրդարան:
Ուշացումն այս դեպքում իսկապես լի է անկանխատեսելի քաղաքական զարգացումներով, ինչի արդյունքում պետության ներքաղաքական կյանքը կարող է վերածվել քաոսի:

Հ.Գ. Կցանկանայի տեսնել նաև ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու այլ տարբերակներ: