Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ԱՄՆ-ն կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ». Բրիջիթ Բրինք

«ԱՄՆ-ն կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ». Բրիջիթ Բրինք
179
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 14:25

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄն պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է ԱՄն-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, եւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:

նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄն պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»: