Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին

Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին
339
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 18:30

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել «Le Point» հանդեսին, որի շապիկին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լուսանկարը՝ «բռնապետ» գլխագրով:

Ֆրանսիայի Ավինգոն քաղաքում տեղի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ ցուցափեղկերից ապօրինաբար հանել էին ամսագրի վերջին համարի մասին ծանուցող ազդագրերը:

Այդ կապակցությամբ խիստ դժգոհություն է հայտնել Մակրոնը՝ Twitter-ի իր էջում գրելով.

«Ֆրանսիայում խիստ անընդունելի է Le Point հանդեսի ազդագրերի հետ այդ կերպ վարվելը, ինչ է թե դրանք դուր չեն գալիս ազատության թշնամիներին։ Մամուլի ազատությունը անգին է։ Եթե մամուլի ազատություն չլինի, ապա կլինի բռնապետություն»։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն էր ներկայացրել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։ Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզնից հրահանգ էր ստանում։ «Բռնապետ» ասելով՝ դուք այլևս չեք կարող հետ բերել այդ օրերը»,- ասել էր նա: