Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իր հրաժարականի պատճառը

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իր հրաժարականի պատճառը
870
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 15:25

Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հրաժարականի հիմքերը. «Հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին ամիսներին հայաստանյան իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխությունների պահանջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահի հետ քննարկում էինք՝ ինչպիսի բերափոխումներ անել, որպեսզի վստահություն ներշնչենք հանրությանը: Քննարկումների ժամանակ հիմքում դրվում էին կադրային լուրջ փոփոխությունները, և մայիսի վերջին նա սկսել էր առաջին քայլերը և պետք էր շարունակել: Գիտեք, որ տեղի ունեցան զարգացումներ՝ կենցաղային հողի վրա ձևավորված, որը բերեց հանրության նոր պահանջների և որն ընդգրկված է բարեփոխման քաղաքականության մեջ: Այո, պետք են կադրային փոփոխություններ ու իմ դիմումի հիմքում դա էր. դիմում ներկայացնողներս օգնում ենք Արցախի նախագահին ավելի արագ իրականացնել ծրագիրը»: Նա պատասխանել է հարցին, թե ի՞նչ է անելու վաղվանից. «Վաղվանից շփվելու եմ ձեզ հետ, աշխատելու եմ մեր երկրի համար: Այս հրաժարականի պատճառն այդ բարեփոխումներն են: Հաշվի առնելով, որ ղեկավարում եմ ամենախոշոր քաղաքական ուժը, որը պետք է լուրջ դեր ունենա բերափոխումներին, գնալու եմ կատարելու այդ առաքելությունը: Պաշտոնս թույլ չէր տալիս անել այն, ինչ ուզում էի: Ղեկավարելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ նպաստելու եմ նախագահի կողմից իրականացվող բերափոխումներին»,- հավելել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ 2012-ի ընտրություններից հետո հասարակությունն իրեն թիրախ էր դարձրել՝ համարելով, որ երկրի խնդիրներն իր պատճառով են. «Այդ ժամանակ նախագահին ասացի՝ պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, ու այդ թեմայով պարբերաբար զրույցներ ունեցել ենք»: Հարությունյանը հավելել է, որ իր ղեկավարած ուժը շարունակելու է մնալ իշխանություն՝ սատարելով կառավարության ծրագրին: Նա հերքել է լուրերը, ըստ որի՝ իր վրա ճնշում է գործադրվել:

Հիշեցնենք՝ այսօր հրաժարականներ են ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետն ու ԱԱԾ պետը: