Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ». ադրբեջանցի նախկին դեսպան

«Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ». ադրբեջանցի նախկին դեսպան
1109
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 02:05

ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, թե իրենց հաջողվել է 10 հազար հա հող ազատագրել Նախիջևանի սահմանին առանց մեկ կրակոցի: Նա գրել է հետևյալը. «Լուրեր գժանոցից կամ էլ Ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ «Göydən üç alma düşdü»:

Կա արդյոք մի սթափ մտածող մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հա տարածք: Առհասարակ նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 11 հազար հա, թե նրանց մաթեմատիկան էլ ողբերգական վիճակում է:

Այս ուղղությամբ հայերը ժամանակին վերահսկել են միայն Քյարքիի անկլավը Հայաստանում, որը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Նախիջևանի տարածքը, այդ թվում՝ Գունատ գյուղը, երբեք վերահսկողության տակ չի եղել: Այս մասին են վկայում նաև մեր պաշտոնական քարտեզները:

Ծիծաղելի է պատկերացնել, թե դատարկ Գունատ գյուղը, որ գտնվում է չեզոք գոտում և չունի ոչ մի ռազմական նշանակություն, ունի ստրատեգիական նշանակություն:

Մենք արդեն լսել ենք երկրում աղքատության մակարդակի՝ մինչև 5% նվազեցման, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու Գերմանիայի փլուզման մասին հեքիաթներ: Հիմա էլ նրանք պատմում են առանց պատերազմի հաղթանակներ տանելու մասին:

Ինչքա՞ն կարելի է մարդկանց կերակրել հեքիաթներով: Եթե այսպես շարունակվի, ապա մեր մեծն կերակրողի խոստման համաձայն կազատագրենք Երևանը, ընդ որում՝ առանց կռվի:

Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ, ոչ թե վիրտուալ: Հայաստանում լայնածավալ պայքար է մղվում կաշառակերության դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն:

Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն անցել են Վրաստանին: Իսկ կյանքի մակարդակով, նվազագույն աշխատավարձով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող վճարներով նրանք մեզ վաղուց են ետևում թողել:

Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»: