Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Էլինար Վարդանյանը Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

Էլինար Վարդանյանը Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարություն է տարածել
2176
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 15:20

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Հերոսը պետք է ազատ արձակվի:

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:
Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:
Այսօր երկրում շատ բան է փոխվել, և վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաև դատաիրավական համակարգ։
Մինչ այդ շատ կարևոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն և արդար վճիռ։

Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը՝ արդար դատաքննության և արդար վճռի պահանջով։

Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:
Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.
- եթե դատական ակտը կայացվել է քաղաքական ճնշման արդյունքում՝ ոչ բավարար ապացուցողական բազայի հիման վրա, ապա այժմ զերծ մնալ նման ճնշումներից և իրագործել արդար դատաքննություն իրականացնելու պարտականությունը,
- բավարարել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:
Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը:
Սա արդար դատաքննության պահանջ է, և այդ հարցում ամենաշահագրգիռը հենց Ս. Բաբայանն է։
Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ։ Պետք է ընդամենը ստորագրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության և արդար, ճնշումներից զերծ դատաքննության իրականացման պահանջի տակ, և այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության կամ խմբակցության անդամ եք հանդիսանում։ Ձեզնից պահանջվում է ընդամենը սա, բայց դա կլինի ձեր քայլը՝ արդարության հաստատման և հերոսին՝ օր առաջ երկրին ծառայելու հնարավորություն ընձեռելու ճանապարհին»։

Աժ նախկին պատգամավորներ՝

Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Վահե Հովհաննիսյան
Ռուբիկ Հակոբյան