Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ամաչում եմ այն պետության համար, որտեղ ես ծնվել եմ». թուրք պատմաբան Թաներ Աքչամ

«Ամաչում եմ այն պետության համար, որտեղ ես ծնվել եմ». թուրք պատմաբան Թաներ Աքչամ
1459
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 19:30

Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը և Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդես եկավ «Փաստեր, ճշմարտություն, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը» թեմայով դասախոսությամբ:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նախ ողջունեց հյուրին և նշեց, որ այսօր Մայր բուհը պատիվ ունի հյուրընկալել թուրք ամենահայտնի պատմաբաններից մեկին, ով հայտնի է Հայոց ցեղասպանությանը մասին իր աշխատություններով:
«Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական այլընտրանքային պատմագրության հիմնադիրներից է, պատմագրությունը, որը շեղվում է թուրքական պաշտոնական թեզից և կարողանում է ներկայացնել իրականությունը: 70-ական թվականներին Թուրքիայում նա եղել է ձախակողմյան ընդդիմադիր շարժման գործիչներից: Թուրքիայում ժամանակին Թաներ Աքչամը դատապարտվել է, սակայն հետո նրան հաջողվել փախչել բանտից և դառնալ հայտնի գիտնական»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Թաներ Աքչամն իր դասախոսության ընթացքում ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստեր, անդրադարձավ հայ մտավորականների ձերբակալություններին, հայ գրողների աքսորին, ինչպես նաև տարբեր արխիվներից ձեռք բերված փաստաթղթերին:
Թաներ Աքչամի խոսքով, ժխտողականությունը միայն ճշմարտությունը ժխտելը չէ, այլև այն, որ ճշմարտությունը ժխտելը պաշտպանվում է պետության կողմից: «Այսօր շատ մեծ փիլիսոփայական խնդիր է այն, թե պատմության մեջ որն է ճշմարտությունը, շատ կարևոր է, թե ճշմարտությունն ով և ինչ փաստերի հիման վրա է ասում: Թուրքիայում քաղաքական իշխանությունն իր համար իր ճշմարտությունն է ստեղծել, մինչդեռ ճշմարտությունը գտնելու համար գիտական մեծ պատերազմներ են ընթանում»,- նշեց պատմաբանը և հավելեց, որ թուրքական քաղաքականության հիմքում ժխտողականությունը միշտ էլ եղել է:
«Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ Հոլոքոստը ընդունվել է որպես ճշմարտություն, սակայն նույնը չենք կարող ասել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց պատմաբանը և հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը հաստատված է ակադեմիական շրջանակում, որի մասին տպագրվել են բազմաթիվ գրքեր:
«Թուրքական պետականության ժխտողական քաղաքականությունն այսօր այնքան թույլ է, որ այն ակադեմիական աշխատանքով կարելի է ոչնչացնել, սակայն դրա համար պետք են շատ ու շատ աշխատություններ: Թուրքական պետությունը մեր ակադեմիական ուսումնասիրություններն իր համար սկզբնակետ պետք է դիտարկի, սակայն դա չի արվում: Դրա համար մենք պետք է շատ աշխատենք: Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն ակադեմիական աշխատությունները բավարար չեն»,- ասաց պատմաբանը:
Նրա խոսքով, այսօր թուրքական արխիվներում չեք կարող գտնել մի փաստաթղթ, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն է պարունակում: «1915 թվականին վերաբերվող շատ կարևոր պատմական փաստաթղթեր ոչնչացվել են հենց պետության կողմից»,-հավելեց պատմաբանը:
Հանդիպման վերջում Թաներ Աքչամը ներկաներին ասաց. «Հավատացե՛ք, որ իմ արածը մի մեծ բան չէ, ես ընդամենը ճշմարտությունն եմ ներկայացնում և ամաչում եմ այն պետության համար, որտեղ ես ծնվել եմ, քանի որ այդ պետությունում ճշմարտությունը չի ներկայացվում: Ես շատ ցավում եմ, որ դուք շնորհակալություն եք հայտնում մի մարդու, ով ընդամենը մերկ ճշմարտությունն է ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:
Հանդիպման վերջում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատասխանեց ուսանողներին հուզող մի շարք հարցերին, իսկ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը նրան նվիրեց արցախյան գորգ: