Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այստեղ միայն Մանվելի օրենքներն են գործում». Լյովա Երանոսյան

«Այստեղ միայն Մանվելի օրենքներն են գործում». Լյովա Երանոսյան
1398
Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 14:15

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը սոցկայքի իր էջում գրել է.

1994 թվականի փետրվարն էր:

Արցախում ծանր ժամանակներ էին:
Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում:
Արցախում կար նաև սննդամթերքի պակաս:

Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել:
Կրտսեր եղբայրս՝ Հայկը Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը Նախիջևանի սահմանում էր:
Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար:
Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք:
Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող Արցախցիներին:
Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ:
Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին:

Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք:
Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ:
Ճանապարհին՝ Ստեփանակերտում մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը:
Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ:
Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց:
Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին:
Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա:
Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ :
Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է:
Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով:

Վերադարձա դպրոց:
Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների ԿՈԲՐԱ կոչվող դիրքերում էի հանդիպել:
Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք:
Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում:
Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով ասաց.
- Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է:
Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա, Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր:
Դպրոցի մոտ վեց հոգի, քաղաքացիական հագուստներով, ինչ որ գործ էին անում:
Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ:
Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց.
- Մանթաշի՞ց ես:
- Այո,- պատասխանեցի ես,- մենք ծանո՞թ ենք:
- Ոչ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ:
- ՈՒրախ եմ,- ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը:

Երիտասարդի անունը Արամ էր:
Արամը պատմեց, որ ինքը, իր Կամազով Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները:
Ավտոմատները նրա վրա պահելով, նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ:
Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ:
Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել:
Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք:
Նա երկար պատմում էր, թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում:
Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին, վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել:
Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց.
- Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում:
Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայս եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում:
Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում:
Չոր տախտակների վրա քնել չէր լինում:
Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա:

Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի:
Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում:
Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի:
Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ:
Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց.
- Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես:
Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ:
Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին, ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք:

Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ
և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս:
Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց.
- Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է:
ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ:

Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց.
- Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել:

Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ , երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ - առողջ է: Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ:

Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը:
Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել:
Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է:

Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը:

Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս:
Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին Հայկը զոհվեց:
Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը:

Հ.Գ.

Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի:
Երկիրապահում է աշխատում:
Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին:
Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ:
Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ:

Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք...»: