Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին». Արման Մուսինյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին». Արման Մուսինյան
182
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 10:00

Պատմաբան Արտակ Մովսիսյանն անդրադարձել է դաշնակցության կողմից 1993 թվականին հրապարակված մի կեղծ փաստաթղթի, որում արձանագրված է, թե իբր ՀՀ Առաջին նախագահը եղել է ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ։

Ժամանակին Առաջին նախագահի մամլո ծառայությունը այնքան անհեթեթ է համարել այդ հրապարակումը, որ հարկ չի համարել անդրադառնալ դրան։ Մենք ուրախ ենք, որ Մովսիսյանը մեզ առիթ է տալիս մեկընդմիշտ սպառիչ կերպով հերքելու այդ զառանցանքը։ Այդ նկատառումով, ստորև հրապարակում ենք որոշ փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորական հաշվառման անձնական գործից, ilur.am-ում հրապարակում է ներկայացրել Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

1. Երևանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի բնութագիրը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին:

2. Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորական ծառայության պիտանելիության ատեստացիան, տրված Երևանի Սպանդարյանի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մկրտչյանի և հաստատված ՀԽՍՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ա. Ղազարյանի կողմից:

Այս երկու փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝

ա. որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ, ռազմական թարգմանչի մասնագիտությամբ.

բ. որ նա, ԵՊՀ ռազմական ամբիոնի բնութագրի համաձայն, «արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ» և «որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում», ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանին դեռևս ուսանողական տարիներից փակցվել է «այլախոհի», այն է՝ անհուսալի տարրի պիտակ, և նա, ըստ էության, հավերժ զրկվել է արտասահմանյան ուղևորությունների հնարավորությունից,- նշել է Մուսինյանը: