Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Խուսափեք Սաակաշվիլիի թույլ տված սխալներից. ԱՄՆ նախկին դեսպանի կոչը ՀՀ իշխանություններին

Խուսափեք Սաակաշվիլիի թույլ տված սխալներից. ԱՄՆ նախկին դեսպանի կոչը ՀՀ իշխանություններին
441
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 12:20

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International-ը:

«Երկար տարիներ մենք քննադատել ենք կառավարությանը: Նախկին իշխանությունները չունեին քաղաքական կամք՝ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Transparency International-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

Հայաստանում կոռուպցիայի կարևոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր շուրջ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը ևս առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը:

«Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը:

Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:

«Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևավական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն:

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունն կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց իր առաջնահերթություն, իսկ վարչապետ Փաշինյանը բացառեց որևէ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Հեղափոխության հաղթանակը դիտարկվում է որպես Հայաստանին ընձեռված հնարավորություն օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի վերացման հարցում:

«Հեղափոխությունը Հայաստանում փայլուն հնարվորություն է: Այն անսպասելի էր, սակայն չափազանց ողջունելի, որն ընդգծում է քաղաքացիների կամքը ժողովրդավարության հաստատման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում»։

Վերջին շրջանում երկիրը ցնցեցին մի շարք կոռուպցիոն բացահայտումներ, ներառյալ գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի և այլոց հետ կապված զարգացումներ: Հարուցվեցին չարաշահումների, յուրացումների ու անօրինական զենք պահելու հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Բերման ենթարկվածների թվում էր նաև նախկին նախագահ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը:

«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը:

Դեսպան Յալովիթցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:

«Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը:

Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը: