Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Արցախի խորհրդարանում որպես վիրավորանք հնչեցված թուրքերեն «գյալմա» բառն ինձ անհանգստանալու առիթ է տալիս». Կարեն Հովհաննիսյան

«Արցախի խորհրդարանում որպես վիրավորանք հնչեցված թուրքերեն «գյալմա» բառն ինձ անհանգստանալու առիթ է տալիս». Կարեն Հովհաննիսյան
1731
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 01:35

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որպես վիրավորանք հնչեցված թուրքերենով «գյալմա» նույն ինքը «եկվոր» բառն ինձ անհանգստանալու առիթ է տալիս: Խնդրում եմ, չփորձեք ինձ հակառակում համոզել, կամ չփորձեք ասել, թե ջղայնացած էր՝ ասաց: Եթե ջղայնացած էր, թող նորից թուրքերենով հնչեցված «գյոթվերան» բառի տիպի բառեր ասեր...
Ես երբ լինում եմ Արևմտյան Հայաստանում, սիրտս կտոր-կտոր է լինում, մի տեսակ հոգիս ցավում է, նույնիսկ մեղադրում եմ պապերիս, իսկ երբ լինում եմ Արցախում, հոգիս փառավորվում է, նույնիսկ տղերքի զոհված վայրերում հողն եմ համբուրում... Արցախը դա նույն Հայաստանն է , պարզապես այն կարողացանք ազատագրել մեր օրերում: Արևմտյան Հայաստանն էլ նույն Հայաստանն է, որը դեռ պետք է ազատագրենք: Չկա արցախցի ազգ, չկա գորիսեցի ազգ, չկա մարտունեցի ազգ, չկա գյումրեցի ազգ, չկա ջավախքեցի ազգ, կա ՀԱՅ ազգ: Թուրքի (ադրբեջանցու) վարած քաղաքականության արդյունքում մենք արդեն 30 տարի իրար մեղադրում ենք, իրար վրա քար ենք նետում: Մենք մեր երկրի մեջ ազատ տեղաշարժվելու և ապրելու իրավունք ունենալուց բացի, նաև ունենք պարտք զոհված տղերքին, որ ազատագրված հողերը ապրեցնենք... Հուսով եմ, ներողությունը չի ուշանա ու այսուհետ պետական քաղաքականություն կմշակվի ու ակտիվ քարոզ կտարվի, որպեսզի ՀԱՅԻՆ չտարանջատեն ըստ ապրելու վայրի, որը ազգակործան ու հայրենիքի կորստի տարրեր է պարունակում...

Հ.Գ. Արցախում տուն ունենալու միտքն ինձ հանգիստ չի տալիս...»: