Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
436
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 15:45

Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 8 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի 72 պատվիրակներ:

Որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ուներ: Մասնակիցների թվում էին 20 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն ունեցան լրացնելու միջազգային նորմաներ:

Մրցաշարն անցավ հետաքրքիր պայքարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել էին 6-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռինատ Ջումաբաևը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Անդրեյ Ժիգալկոն և Արամ Հակոբյանը իրենց ակտիվում ունեին 5.5-ական միավոր: Վերջին տուրի կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ մրցեցին Հնդկաստանի հավաքականի անդամներ Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը ու Հայաստանի հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Սաշիկիրանի և Սետուրամանի պարտաիայում գրանցվեց արագ ոչ-ոքի, իսկ Մարտիրոսյանի և Մելքումյանի պարտիան ավարտվեց վերջինը: Սև խաղաքարերով հանդես եկող Մելքումյանը ցանկանում էր հաղթանակի հասնել, ինչի շնորհիվ նա կդառնար մրցաշարի հաղթող, սակայն Մելքումյանը դիմեց չափից մեծ ռիսկի և արդյունքում պարտվեց: Այսպիսոց Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր և միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը:
Կրիշնան Սաշիկիրանը, Սետուրամանը և վերջին տուրում կարևոր հաղթանակներ տոնած Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-5-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Սետուրամանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սաշիկիրանը դարձավ 3-րդը: Զավեն Անդրիասյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը եզրափակեց լավագույն հնգյակը:
Մրցաշարում սահմանված էին նաև մի շարք հատուկ մրցանակներ. կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի կանանց 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն և Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում Օլիմպիադայի չեմպիոն Նատալյա Պոգոնինան, Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Մինչև 2201 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում լավագույնն էր Հայկ Երիցյանը:

Մինչև 2101 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Արշակ Մելքոնյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույնն էր Արջուն Էրիգայսին: Մինչև 14 տարեկանների մեջ ամենաբարձր արդյունքը գրանցեց Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 12 տարեկանների մեջ լավագույնն էր Ռոբերտ Փիլիպոսյանը:

Մինչև 16 տարեկան աղջիկների մեջ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աննա Խաչատրյանը:

Վետերան շախմատիստների պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Գևորգ Թադևոսյանը: