Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

««Գյալմա»-ի ակունքների մասին». Հայկ Խանումյան

««Գյալմա»-ի ակունքների մասին». Հայկ Խանումյան
1177
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 02:05

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Գյալմայի» ակունքների մասին

Բակո Սահակյանը 2007թ. նախագահ է դարձել «Միասին՝ հանուն Արցախի» կարգախոսով: Այդ միասնականության տակ Բ. Սահակյանն ու իր թիմն անողոք թշնամանք են սերմանել քաղաքական հակառակորդների, ընդդիմության, քննադատողների նկատմամբ: Այդ թշնամանքը տեղի է ունեցել հալածանքների, եկամուտներից զրկելու, քննադատողների հարազատներին եկամուտներից զրկելու, իրենց հասանելի քարոզչամեքենայով «շպիոն» ու «գյալմա» ներկայացնելու տեսքով: Հանրության արտահայտվող շերտերի նկատմամբ ատելությունը տարիների ընթացքում բերել է Արցախում բազմակարծության վերացմանը, ոչ իշխանական մամուլի ոչնչացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորման խոչընդոտների: Սրա հետևանքով 2010թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին միայն Բակո Սահակյանին պաշտպանած կուսակցությունները:

Բակո Սահակյանն ու իր թիմի ռեպրեսիվ ներկայացուցիչները բյուջետային համակարգի աշխատողներին դիտարկում էին որպես իշխանության ողորմածության շնորհիվ եկամուտներ ունեցող մարդկանց, անկախ եկամուտներ ունեցող անձինք միշտ դիտարկվել են որպես այս հետադիմական համակարգի գլխավոր սպառնալիք: Ամեն ինչ արվել է մասնավորի վրա հսկողություն սահմանելու համար, այդ նպատակով օգտագործվել են հարկայինը, դատախազությունը, դատարանները: Բակո Սահակյանին քննադատող ցանկացած մարդ պետք է սոված մնար, գնար զղջման, հետո մի կտոր հացի եկամուտ մուրար իշխանություններից: Օրինակ, ինձ եկամուտներից զրկելու և Արցախից հեռացնելու համար Բակո Սահակյանը 2011թ. հասել է իմ կողմից ղեկավարվող ծրագրի ֆինանսավորման դադարեցմանը («Արցախ ուղի» կրթական ծրագրի ֆինանսավորողը հայաստանյան Էյ-Ի-Ջի կազմակերպությունն էր), այնուհետև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից պահանջել է Տավուշի մարզային քննչական բաժնում պաշտոնավարող հորս ազատել աշխատանքից (հայրս էր ինձ գումար ուղարկում Արցախում ապրելու համար), իսկ 2011թ. նոյեմբերին երկու անգամ Զորի Բալայանին ուղարկել էր Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի մոտ՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով (այդ ժամանակ ես Արցախից հոդվածներ էի գրում Սիվիլիթաս հիմանադրամի «Օրակարգ» թերթի համար): Իմ այս պատմությունը նրա համար եմ կիսվում հանրության հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչպես էր աշխատում համակարգը: Նշեմ, որ այդ ժամանակ ես ոչ քաղաքական գործիչ էի, ոչ որևէ քաղաքական թիմի անդամ, ուղղակի հրապարակայնորեն արտահայտվում էի, այդ թվում քննադատում իշխանություններին:

Այս մթնոլորտի թիրախը տարիների ընթացքում դարձել են հազարավոր արցախցի ուսանողները, ովքեր գնացել էին Երևան սովորելու: Կրթություն ստանալով համեմամտաբար բարձրորակ բուհերում և համեմատաբար ազատ միջավայրում, քան գոյություն ունի Ստեփանակերտում՝ այս երիտասարդները վերադառնում էին Արցախ: Նրանց մեծ մասի մոտ այդ վերադարձը կարճ է տևում: Քանի որ ավելի ազատ միջավայրում էին ձևավորվել, նրանք սկսում են արտահայտվել խնդիրների մասին, ինչը բերում էր Բ.Սահակյանի ռեժիմի լուրջ հակազդեցությանը (պատկերացրեք, եթե Իջևանում պաշտոնավարող իմ հայրը հեռացվել է աշխատանքից Բ. Սահակյանի պահանջով, ինչ կլիներ Արցախում աշխատող մարդկանց համար): Արցախից դուրս կրթություն ստացած երիտասարդների առաջին ճնշողը դառնում էին հարազատները՝ խնդրելով նրանց կամ հարմարվել մթնոլորտի հետ, կամ հեռանալ Արցախից՝ իզուր գլխացավանք չդառնալ բարեկամության համար: Հարյուրավոր պոտենցիալ մասնագետներ լքում են Արցախը:

Բակո Սահակյանի նախագահության տարիներին և դրանից տարիներ առաջ էլ խտրական վերաբերմունքի զոհ են դառնում նաև Արցախի թերբնակեցված շրջաններում՝ Քաշաթաղում և Շահումյանում հաստատված ՀՀ տարբեր մարզերից եկած բնակիչները, հատկապես մասնագետները: Արցախում չունենալով սոցիալական ամուր հենարան՝ նրանք խիստ խոցելի էին համակարգի դիմաց: Նման վերաբերմունքի պատճառով այդ շրջաններից 15 տարվա ընթացքում հեռանում են 7000-ից ավելի բնակիչ: Հեռացողների մեջ շատ էին հատկապես նրանք, ովքեր Արցախ եկել էին ոչ թե սոցիալական ծրագրերի, այլ գաղափարի հետևից:

Մի խոսքով, «գյալման» ոչ միայն Բաքվից, Սումգայիթից, Աշխաբադից, Իջևանից, Երևանից Արցախ եկած հայն էր, այլ ցանկացած մեկը, այդ թվում Արցախում ծնվածները, ովքեր հանդգնում էին բաց արտահայտվել համակարգի մասին կամ առավելևս՝ համակարգի դեմ:

Ժաննա Գալստյանն ինձ համար դասագրքային հերոս է եղել: Ես դպրոցն ավարտել եմ 2001թ. և Շարժման ակտիվիստների մասին արդեն դասագրքերում գրում էին: Ես դասագրքային հերոս Ժաննա Գալստյանի հետ խնդիր չունեմ:

ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը Բակո Սահակյանի ստեղծած համակարգի գլխավոր քարոզիչներից է: Նա տարիներ շարունակ թշնամանք է սերմանել տարբեր խմբերի նկատմամբ: Դրան զուգահեռ փչվել է քվազի-հայրենասիրական, հաճախ՝ ռազմահայրենասիրական փուչիկը, որը շատ հաճախ մեկ գնդի անցած ճանապարհի պատմություն է եղել՝ նվազեցնելով մյուս գնդերի դերը: Համակարգը իր քարոզչամեքենայի մաս փորձել է դարձրել նաև տարբեր կազմակերպությունների, մտավորականության որոշ թևին, լայնորեն օգտագործվել են հանրության մեջ առկա վախերն ու կարծրատիպերը: Սրա վառ դրսևորումը եղել է Բերձորյան դեպքերից առաջ Արցախում ստեղծված վիճակը, երբ համակարգի քարոզչամեքենան դեմոնիզացրել, հրեշի կերպար էր հագցրել հանրության մի խմբի (տվյալ դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցներին):

Բարեբախտաբար այդ նույն իշխանության մեջ միշտ էլ եղել են մարդիկ, տարբեր աստիճանի պաշտոնյաներ, ովքեր փորձել են հակազդել այս ամենին: Ցավոք սրտի նրանք գրեթե անզոր են եղել Բակո Սահակյանի և նրա մերձավոր շրջապատի հետադիմական քաղաքականության դեմ, որն անմիջական աջակցության է արժանացել Սերժ Սարգսյանի կողմից: Սերժսարգսյանական հզոր քարոզչամեքենան իր հեռուստատեսություններով, բլոգերներով, ֆեյքերով, «անկախ» ու «անվանի» վերլուծաբաններով ստեղծել էր անթերի համակարգի և իմաստուն առաջնորդի կերպար, միաժամանակ Բակոյի ընդդիմադիրների ու քննադատների համար միշտ փակ են պահվել լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները:

Բակո Սահակյանի կողմից ստեղծած փակ հասարակության գլխավոր թշնամին դառնում էր ժամանակը, տեխնոլոգիական առաջընթացը և տարբեր գործընթացներ: Արցախյան հասարակությունը սկսում էր բացվել: Դա սկսվում է 2012թ. նախագահական ընտրություններով, շարունակվում 2015թ. խորհրդարանական ընտրություններով և իր պիկին հասնում հայաստանյան թավշյա հեղափոխության հաջողությունից ու Սերժ Սարգսյանի տապալումից հետո:

Սահմանադրական հեղաշրջման միջոցով երկրի թիվ մեկ պաշտոնին մնացած Բակո Սահակյանն ու իր հետադիմական թիմն իր սպասարկուներով փորձում են մինչև 2020թ. պահել նախագահի աթոռը՝ փորձելով 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել այս հետադիմական շրջանակի անդամներից մեկին:

Այսօր Արցախի հասարակության մեջ «Բակո, հեռացի՛ր» գաղափարը լայն արմատներ է գցում, քանզի միայն այս հետադիմական թիմի հեռանալը թույլ կտա Արցախին 2020թ. ունենալ բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար հնարավորություններով ընտրություններ: Բակոն և իր նեղ թիմը չեն կարող ապահովել արդար ու ազատ ընտրություններ: Նրանք ի վիճակի չեն բարեփոխվելու»: