Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը
86
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 17:10

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով շրջանառված այն լուրերը, թե իբր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է իրեն պաշտոն առաջարկել նոր կառավարությունում, հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրդողանը նպատակ ունի Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը։

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում Աճեմօղլուն պարզաբանել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և որևէ մեկն այդ հարցով իր հետ կապ չի հաստատել։ Նա թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառված այդօրինակ լուրերը որակել է «բամբասանք»։

Ամերիկաբնակ անվանի տնտեսագետը նկատել է տվել, որ Թուրքիան բացի տնտեսական խնդիրներից ունի նաև դատաիրավական համակարգին և ներքաղաքական իրավիճակին առնչվող խնդիրներ։

Աճեմօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի տնտեսության վիճակը արտահերթ ընտրություններից հետո կլավանա, ասել է.

«Չեմ կարծում, թե կլավանա։ Ըստ իս՝ Թուրքիայի տնտեսությունը ենթակառուցվածքային խնդիրներ ունի։ Բարձր գնաճը, դոլարի թանկացումն և ներդրումների պակասը զուտ նախընտրական անորոշությամբ պայմանավորված խնդիրներ չէին»։

Նա հավելել է, որ Թուրքիայում վերջին 10 տարում արտադրողականությունը բարձր չի եղել։ Իսկ իրականացված ներդրումային հոսքերը հիմնականում ուղղվել են դեպի մասնավոր սեկտոր։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ «Թուրքիայի տնտեսությունում առկա է կտրուկ անկման վտանգ»։