Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հայկական կինոյի ու թատրոնի ուրախ, տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հայկական կինոյի ու թատրոնի ուրախ, տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
1370
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 10:40

«Մենք՝ հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»: Սոս Սարգսյան

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից:
Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ: «Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:

Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ, որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը:

1959-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...».

Մհեր Մկրտչյան