Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը
795
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 22:10

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հուլիսի 8-15-ը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ և Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ:

«Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվի տեղացի և սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերի ծավալուն ծրագիր:

2018 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը կկոչվի «GAIFF-PRO», և ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում:

«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկարնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ:

Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին:

«Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին և հեղիանկի ֆիլմերը:

Հայկական կինոյի մեծանուն գործիչներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի, Արա Վահունու 80-ամյա հոբելյանների առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց Պատվո աստղերը:

«ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի շուրջ 30 կինոգործչի: Երևանում և Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում՝ համատեղ արտադրությունների և միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ:

Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում:

Նախատեսվում է Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիր, որն իրականացվելու է համապատասխան երկրների դեսպանությունների հետ համատեղ:

Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում:

Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ և հյուրընկալել շուրջ 200 միջազգային և տեղացի կինոգործիչների: