Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ». Զոհրաբ Մնացականյան

«Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ». Զոհրաբ Մնացականյան
220
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 14:50

Առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, կարգավորումը բնական, կայուն և տևական չի լինելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արամ Աբրահամյան։ Եկեք սկսենք ղարաբաղյան խնդրից։ Բեռլինում հունիսի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն։ Նախ՝ Արցախը հիմնակա՞ն կողմն է, կա՞ն նաև ոչ հիմնական կողմեր։

Զոհրաբ Մնացականյան։ Գիտեք, այն, ինչ որ ասվել է, որևէ նոր բան չի ասվել, և դա արտահայտված է նաև Կառավարության ծրագրում և դա եղել է մեր ընկալումն այս ամբողջ շրջանում։ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է։

Արամ Աբրահամյան։ Հետևաբար, կարելի՞ է ասել՝ Հայաստանը հակամարտության ոչ հիմնական կողմ է։

Զոհրաբ Մնացականյան։ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաև Կառավարության ծրագրի մեջ, և Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել և մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում։

Արամ Աբրահամյան։ Հակամարտությունը տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի միջև, հետևաբար, ի վերջո, պետք է պայմանավորվեն Արցախի և Ադրբեջանի ղեկավարները։

Զոհրաբ Մնացականյան։ Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում։

Արամ Աբրահամյան։ 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում է, ինչպես որ նշեցիք։ Ինչու, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։

Զոհրաբ Մնացականյան։ Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների մասին, և ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։

«Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ». Զոհրաբ Մնացականյան