Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու մասին որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու մասին որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում
401
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 16:15

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը՝ Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին:

Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն՝ վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն՝ Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են՝ թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի և 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները:

06.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: