Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել
410
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 21:45

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Yerevan.today-ին

– Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա:

– Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ՝ կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել՝ ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:

Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին՝ «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ՝ ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք՝ զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան:

Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի՝ քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Եկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ՝ շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների՝ շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել:

Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից:

– Իսկ ի՞նչ էր ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը:

– Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով՝ բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին: