Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին

«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին
905
Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 17:30

Այսօր MAMUL.am-ի խմբագրություն էր զանգահարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և «խնդրում էր» հերքել և հրապարակային ներողություն խնդրել մինչև օրվա ավարտ՝ երեկ հրապարակված նյութի համար, նշելով, որ «բացահայտ սուտ է, չի համապատասխանում իրականությանը»: Հատկանշական է, որ վերջինը նշում էր, որ, պահանջի կատարման համար խմբագրությունն ունի վերջնաժամկետ (մինչ այսօր երեկո) և չկատարելու դեպքում կդիմեն դատարան: Ի դեպ, զանգից րոպեներ առաջ Ծառուկյանի փաստաբանն էլեկտրոնային նամակ էր ուղարկել խմբագրության հասցեին՝ նույն պահանջով (կցված է նյութի վերջում):

Նշենք, որ նշված նյութի հրապարակումից հետո, մեր խմբագրությունը որևէ այլ նամակ չի ստացել Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներից, որտեղ պարզաբանվում է նյութում արծարծված տեղեկատվությունը, հիմնավորվում դրա իսկությունը կամ հակառակը, փաստագրումներ կամ այլ նյութեր:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Իվետա Տոնոյանը մեր լրագրողի հետ զրույցում հաստատեց, որ նյութում նշվածը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ, նշված ժամանակահատվածում, իսկապես՝ «ամսական 60-80 հազար դրամ վճարելով ստացել են Նիվա և այլ մակնիշի ավտոմեքենաներ»:

Չնայած այն հանգամանքի, որ վերջինները պահանջում են հեռացնել նյութը և հերքել՝ նշելով, որ այն «ծայրից ծայր ապատեղեկատվություն է», սակայն հաստատում են, որ «գործարքներ» տեղի են ունեցել և հընթացս նշում արդեն, որ նյութում նշված «պարտադրվել» և «60% շուկայականից ավել գնով» ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ այդպիսի իրադարձություններ եղել են:

Այսպիսով, ստացվում է, որ ներկայացուցիչների պնդումն առ այն, որ նյութն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Ավելին, հիշեցման կարգով նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները «հերքման հրապարակման վերջնագիր և վերջնաժամկետ» են պահանջում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում հերքման պահանջը կարգավորվում է օրենքով և օրենքն է սահմանում հերքման «պահանջի» ձևը, ժամկետները, ընթացակարգը, հնարավորությունները, մերժման իրավունքն ու հարակից այլ գործառույթներ:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, նշված ժամանակահատվածում իրենց ««պարտադրվել է գնել» Նիվա մակնիշի ավտոմեքենաներ՝ աշխատավարձից ամենամսյա պահումների սկզբունքով, և իրենք հրաժարվելու տարբերակ չեն ունեցել»: Ավելին, խմբագրությունը կոչ էր արել ընթերցողները, ովքեր տեղեկացված են նման դեպքերի, արձագանքեն և տրամադրեն տեղեկություններ, որին անմիջապես արձագանքեցին մի շարք ընթերցողներ՝ խնդրելով չբացահայտել իրենց անունները և ներկայացրեցին նոր տեղեկություններ այն մասին, որ բացի նման դեպքերից Ծառուկյանին պատկանող ընկերություններում եղել են նաև այլ բնույթի «պարտադիր աշխատանքներ», օրինակ՝ մասնակցություն ընկերություններում տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, աշխատանք այգիներում՝ բերքի հավաքման, տեղափոխման և այլն:

Վերոնշյալ նոր տեղեկությունները մեր խմբագրությունում դեռևս ուսումնասիրության փուլում են և մանրամասների ամբողջականացումից հետո կհրապարակվեն:

Ցանկանում ենք տեղեկացնել մեր ընթերցողներին, որ MAMUL.am լրատվականը սկսել է լրագրողական հետաքննություն և առաջիկայում կհրապարակի նոր նյութեր՝ կապված նշված թեմայի և առնչվող այլ տեղեկատվության հետ:

MAMUL.am-ը ևս մեկ անգամ կոչ է անում իր ընթերցողներին. եթե Դուք ևս տիրապետում եք նմանատիպ տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ կամ այլ ընկերություններում և ենթարկվել եք պարտադրանքների, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, կամ ուղարկեք նամակ մեր խմբագրություն:
Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին
«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին