Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայաստանն ամեն տարի օգտագործում է 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ

Հայաստանն ամեն տարի օգտագործում է 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ
211
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 18:30

Շրջակա միջավայրի միջազգային օրվա շրջանակներում «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձել է պլաստիկե տոպրակների՝ շրջակա միջավայրին հասցված վնասին: Պլաստիկը բնության մեջ քայքայվում է 100-ից 400 տարիների ընթացքում, այդ պատճառով կուտակված թափոնները ահռելի ծավալների են հասնում: Սա, Բուռնազյանի կարծիքով, մեծ վտանգ է ներկայացնում նաև կենդանական աշխարհի համար:

Ըստ փորձագետի, աշխարհում ամեն տարի օգտագործվում է ավելի քան 4 տրիլիոն պոլիէթիլենայն փաթեթ: Մարդիկ այն օգտագործում են 10-ից 15 րոպե, դեն նետում, բայց այդ փաթեթները պատճառ են դառնում, որ տարեկան 1 միլիոն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և շատ ավելի մեծ թվով ձկներ սատկեն:

«Հայաստանում նույնպես ունենք պլաստիկով աղտոտման խնդիր: ԵԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն: Իսկ ընդհանրապես Հայաստանը ամեն տարի օգտագործում է 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ»,- հավելել է Վիկտորյա Բուռնազյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չունի վերամշակում, ուստի թափոնները տարեցտարի կուտակվում են: