Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ
709
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 00:15

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։
Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ հետևելու համար։

Արձանագրում ենք, որ ԱՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման փաստեր չեն գրանցվել։ Կարևորում ենք նաև այն, որ ԱՀ ոստիկանությունը հունիսի 2-ից 4-ը տեղի ունեցած հավաքների ընթացքում ապահովել է Ազատամարտիկների փողոցի՝ հավաքի վայրի հատվածում երթևեկության վերակազմակերպումը, ինչպես նաև հատուկ լիազորել է ԱՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկին՝ որպես հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցության պատասխանատու։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում, որ նման իրավիճակներում ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ գործադրի՝ ապահովելու հակադարձ հավաքների մասնակիցների անվտանգությունն այն պայմաններում, երբ հավաքներից մեկի մասնակիցների խումբը հայտնվում է հակադիր պահանջներով մյուս հավաքի վայրում։ Մասնավորապես, հունիսի 3-ին Ավտոկայանի հավաքի մասնակիցների մի խումբ երթով հասել էր Վերածննդի հրապարակ, որտեղ նույն ժամանակ ընթանում էր հակադիր պահանջներով հավաքը։

Հավաքների վայրերում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի քաղաքացիներ՝ իրավական բնույթի խնդիրներով։ Մի քանի դեպքով տրվել են իրավունքի վերաբերյալ պարզաբանումներ, իսկ մյուս դեպքերով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պաշտպանին գրավոր դիմումներ հասցեագրելու վերաբերյալ։

Որպես ԱՀ պետական իրավասու մարմիններին ուղղված օրենսդրական առաջարկ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սեղմ ժամկետում ընդունել արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Դա խաղաղ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների համար կստեղծի իրենց սահմանադրական իրավունքի իրականացման ավելի կանխատեսելի պայմաններ»։