Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հավաքագրված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի համայնքներին. վարչապետ (տեսանյութ)

Հավաքագրված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի համայնքներին. վարչապետ (տեսանյութ)
196
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 19:15

Վարչապետ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելությունից հետո մեկնել է Քաջարան, որտեղ ևս հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Իմ այստեղ գտնվելու նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերի մեջ նայելն է, ձեր տրամադրությունը զգալն է, և համոզվելն է, որ դուք գիտեք, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել, այն հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, դա ձեզանից յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է: Ողջունում եմ ձեզ: Ուզում եմ ասել, որ մեր հաղթանակը առանց ձեր, թեկուզ բարոյական աջակցության, տեղի չէր ունենա: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր, այս օրով, 2018 թվականի հուլիսի հինգին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ 2020 թվականի, 2030 թվականի, 2100 թվականին, և ընդհանրապես բոլոր օրերին Հայաստանի իշխանությունը պատկանելու է ժողովրդին և որևէ մեկը չի կարող համարձակվել որևէ ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա: Դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև այցելության գործնական կողմին.

«Մենք Սյունիքի մարզ կատարած այցի առաջին ժամերի ընթացքում մեր գործընկերների, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ վերջին շրջանում կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ուրեմն, կոչ եմ անում՝ մենք միասին պետք է լծվենք մեր հայրենիքի վերաշինման գործին»,- իր ելույթում ասաց վարչապետը: