Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Զոյա Թադևոսյան, դուք սխա՛լ եք». Նաիրա Զոհրաբյան

«Զոյա Թադևոսյան, դուք սխա՛լ եք». Նաիրա Զոհրաբյան
461
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 11:30

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զոյա Թադևոսյան, դուք սխա՛լ եք.

Կարդացի Զոյա Թադևոսյանի հայտարարությունը, որ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն և այդ հողերը պետք է վերադարձվեն»։
Անկեղծ՝ չհավատացի, որ Զոյա Թադևոսյանը, կամ որևէ հայ մարդ կարող էր նման բան ասել։ Նայեցի տեսանյութը։ Շոկ էր։ Մարդկային և բարոյական շոկ։
Զոյա Թադևոսյան, երբ դուք նման հայտարարություն եք անում, դուք մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց հիմա առաջնագծում մեր զինվորներն են կանգնած, ովքեր իրենց կյանքի գնով պահում են նաև ձեր և ձեր երեխաների անվտանգությունը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց այս պահին զորակոչը շարունակվում է և ծնողը, ով իր որդուն ուղարկում է առաջնագիծ, արդեն կարդացել է ձեր այդ խոսքերը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ի՞նչ են զգում ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ երբ գնում են բանակցություններ՝ ուղղակի չի կարելի, կատեգորիկ չի կարելի նման հայտարարություններ անել, որովհետև դուք թուլացնում եք բանակցություններում հայկական կողմի դիրքերը։
Սա ես ասում եմ որպես պատգամավոր, ով երկար տարիներ աշխատում է միջազգային կառույցներում և, վստահեցնում եմ ձեզ, հրաշալի գիտի բանակցությունների ժամանակ ասված յուրաքանչյուր բառի արժեքը»։

Ավելի վաղ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ նման ձևակերպումն իր կողմից անզգուշություն և վրիպակ է եղել.

««Հայելի» ակումբում հրավիրված բանավեճին թեմայից դուրս հնչեցված՝ Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կապակցությամբ տարածքների վերադարձի մասին մեզ ուղղված մեղադրանքին «ազատագրվածի» փոխարեն օգտագործել եմ «գրավյալ» տերմինը: Դա ընդունեք պարզապես անզգուշություն և ոչինչ ավելի»,- գրել էր Զոյա Թադևոսյանը: