Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սուրիկ Խաչատրյանի որդին դիմել է Պաշտպանության նախարարին

Սուրիկ Խաչատրյանի որդին դիմել է Պաշտպանության նախարարին
1183
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 13:50

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, այս մասին տեղեկացնում է «Հրապարակ»-ը:

«Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:

2014թ-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:

2017թ-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:

2017-2018թթ-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական, առողջական, հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30 հուլիսի 2018թ-ից:

Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»:

Կարդացեք նաև՝ Ոստիկանության հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու վերաբերյալ