Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմամշակութային ժառանգությունը». բողոքի ցույց Վրաստանում

«Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմամշակութային ժառանգությունը». բողոքի ցույց Վրաստանում
136
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 10:25

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» անվամբ բողոքի ցույց։ «Բողոքի ցույցի կազմակերպիչն էր Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Կիրակնօրյա պատարագից հետո հարյուրավոր, հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվեցին դեպի հայկանան Շամխորեցոց տաճարի ավերակները, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը երկրի իշխանությունների քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի ի վեր չի վերադարձնում Վիրահայոց Թեմի սեփականությանը այն վանքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանել են Թեմին։

Հազարավոր քայլերթը գլխավորում էին Վիրահայոց թեմի հոգևորականները, իսկ երթին միացել էին Թբիլիսիում գործող համայնքային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ցույցին ներկա էին նաև Վրաստանի՝ հայկական ծագում ունեցող խորհրդարանի պատգամավորները։

Շամխորեցոց վանքի ավերակների մոտ բողոքի ակցիան սկսվեց աղոթքով՝ հանուն խաղաղության և հանուն հայ և վրաց ժողովուրդների ծաղկման։ Ավելի ուշ հավաքվածների համար ելույթ ունեցան համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները և խորհրդարանի պատգամավորները, որոնք ընդգծեցին «վիճահարույց եկեղեցիների» հարցի արդար և ժամանակին լուծման կարևորությունը․ «վիճահարույց վանքերի» հարցը Վրաստանի պետական անկախության հռչակումից ի վեր դեռևս չի ստացել իր լուծումը և «դանդաղեցված գործողությունների նռնակ» է հանդիսանում, որն սպառնում է խախտել վրացական հասարակության մեջ իշխող խաղաղությունն ու ներդաշնակությունը։

Բողոքի ցույցին միացել են նաև վրաց հասարակության ներկայացուցիչները, որոնք աջակցել են իրենց հայ համաքաղաքացիներին և հանդուրժողականություն են ցուցաբերել «վիճահարույց» եկեղեցիների հարցի շուտափույթ և արդար լուծման, Թբիլիսիի և Վրաստանի պատմական ժառանգության պահպանման հարցում։

Ցույցի ավարտին հավաքվածները երկրի իշխանություններին ուղղված դիմում են ստորագրել ողջամիտ ժամկետներում լուծել բազմամյա հարցը հայկական վանքերի վերադարձման մասին և երկրի քաղաքացիների հանդեպ իրավահավասարություն ապահովել՝ անկախ իրենց կրոնական և ազգային պատկանելության։

Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ եթե լիազոր պետական գերատեսչությունները հստակ քայլեր չձեռնարկեն երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու համար, ապա կկազմակերպվեն զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդություններ։ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խոստացել են իշխանություններին տեղյակ պահել հայ քաղաքացիներին հուզող հարցի մասին։

Ահա այսպես է պատկերացվում բողոքի ցույցը այն հարցի շուրջ, որն անկախ Վրաստանի ողջ պատմության ընթացքում դեռևս չի ստացել իր լուծումը և շարունակում է անհանգստացնել երկրի բոլոր քաղաքացիների սիրտն ու միտքը՝ անկախ իրենց ազգության ու կրոնի...

Իրականում հոկտեմբերի 14-ին՝ կիրակնօրյա պատարագից հետո, մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվեցին դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք կարդացին, ծխականները մոմ վառեցին և ցրվեցին տներով։

«Ցույցին» մասնակցեցին ընդամենը «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխանտանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- նշված է տեքստում։